Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը պարտվել է տեղական ընտրություններում։ Ստամբուլում հաղթում է գործող քաղաքապետը, մյուս խոշոր քաղաքներում ևս ընդդիմությունն առջևում է։
Ինչպես ցույց են տալիս ձայների հաշվարկները, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է Էքրեմ Իմամօղլուն, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն հինգ տարի։ Իմամօղլուն ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը:
Գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Իմամօղլուն հաղթել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին՝ առաջ անցնելով մոտ 10%-ով։
Ուշադրության կենտրոնում էին Ստամբուլը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կուսակցությունը հույս ունեին խլել ընդդիմությունից, ինչպես նաև Անկարան և Անթալիան, որտեղ ևս ղեկավարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչները:
Երկրի մյուս խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Իզմիրում նույնպես հաղթում է ընդդիմությունը։
«Մեր ստացած տվյալների հիման վրա կարող եմ ասել, որ քաղաքացիների հավատը մեր հանդեպ իր արդյունքը տվել է,- Ստամբուլում Ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Իմամօղլուն:- Պատկերը, որը մենք հիմա տեսնում ենք, մեզ շատ է ուրախացնում»:
Թուրքիայում ընտրատեղամասերը փակվել են Գրինվիչի ժամանակով ժամը 14։00-ին։
«Քվեարկության գործընթացն ավարտվել է առանց որևէ խնդրի, բացառությամբ մի քանի միջադեպերի»,- լրագրողներին ասել է Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեթ Եները։
Ընտրությունները տեղի են ունենում մոլեգնող գնաճի և թուրքական լիրայի գերարժեզրկման ֆոնին, և շատ ընտրողների պատել է անորոշությունը, գրել է AFP-ի թղթակիցը, որը զրուցել է Ստամբուլի բնակիչների հետ։
«Բոլորն անհանգստացած են առօրյա հոգսերով,- ասում է 43-ամյա Գյուլեր Քայան։- Ճգնաժամը հարվածում է միջին խավին, մենք ստիպված ենք փոխել մեր բոլոր սովորությունները։ Եթե Էրդողանը հաղթի, ավելի վատ կլինի»։
Ավելի լավ կյանք
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել և մեծացել է Ստամբուլում և Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել 1994-ին։ Նրա կուսակիցները իշխանությունը պահեցին մինչև 2019-ը, երբ ընտրություններում հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուն։
Իմամօղլուի հաղթանակը Ստամբուլում նշանակում է, որ նա կարող է դառնալ իշխող կուսակցության գլխավոր հակառակորդը նախագահական հաջորդ ընտրություններում՝ 2028-ին։
Էրդողանը և նրա կուսակցությունը Ստամբուլում թեկնածու էին առաջադրել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Քուրումին։
«Ստամբուլը մեր երկրի մարգարիտն է, գանձը և աչքի լույսը»,- ասել է 70-ամյա Էրդողանը քաղաքում վերջերս կայացած հանրահավաքում՝ Իմամօղլուին անվանելով «կես դրույքով քաղաքապետ»:
«Այս ընտրությունները կնշանավորեն նոր դարաշրջանի սկիզբը մեր երկրի համար»,- կիրակի ասել է Էրդողանը Ստամբուլում քվեարկությունից հետո։
Երբ հայտնի է դարձել ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ուժի պարտությունը, Էրդողանն ասել է. «Մարտի 31-ը մեզ համար վերջը չէ, այլ շրջադարձային է։ Թուրք ժողովուրդը քվեաթերթիկի միջոցով ազդանշան ուղարկեց քաղաքական գործիչներին»։
Իմամօղլուն կնոջ և երկու որդիների հետ քվեարկել է Ստամբուլում կեսօրին մոտ, իսկ հետո դուրս է եկել աջակիցների հետ շփվելու։
«Այսօր ինձ համար հետաքրքիր օր է»,- ասել է նա՝ հավելելով, որ փորձում է ապահովել «հավասարություն՝ առանց կուսակցականության»․ «Մենք անում ենք ամեն ինչ՝ երիտասարդներին, կանանց և մայրերին ավելի լավ կյանք տալու համար»:
Թուրքիայի քաղաքացիները կիրակի քաղաքապետ են ընտրել 81 նահանգներում, ինչպես նաև տեղական խորհրդի անդամներ և տարածաշրջանային այլ պաշտոնյաներ:
Լուսանկարում՝ Էրդողանը քվեարկում է Ստամբուլում (Photo: Anadolu Agency)։
Հոդվածի թարգմանությունը՝ BBC-ից։
Civilnet











