Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից։
Հարցին, թե ինչո՞ւ Ջերմուկի կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ հատվածից չսկսվեց սահմանազատումը, Խաչատրյանը պատասխանել է․ «Որովհետև չուզեցին, այդտեղից [Տավուշից] ուզեցին»։
«Շատ մեծ խնդիր է եղել սահմանազատումն ինչ-որ մի տեղից սկսել, որովհետև բանակցություններ չկային և պատերազմի վտանգ կար։ Մի դրական բան եղավ՝ որոշվեց սկսել սահմանազատումը։ Հիմա Ադրբեջանն առաջարկել է սկսել հյուսիսային սահմանից, սկսել ենք»,- ապրիլի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը։
***
Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հարցը ներկայացնում է որպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի գործնական փուլի մեկնարկ:
Civilnet











