Մարիամ Նիկուրաձե, Ռոբին Ֆաբրո, OC Media
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը մեղադրել է ԵՄ-ին երկրի անդամակցության հայտը կանխամտածված սաբոտաժի ենթարկելու մեջ այն բանից հետո, երբ իշխող Վրացական երազանք կուսակցությունը վիժեցված «օտարերկրյա գործակալների օրենքը» կրկին դրել է շրջանառության:
2018-ին նախագահի պաշտոնում իր ընտրությունից ի վեր, ինչին սատարել էր իշխող կուսակցությունը, սա Զուրաբիշվիլիի ամենաախիստ քննադատությունն է Վրացական երազանքի նկատմամբ, երբ նա կոչ է արել հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններում դեմ քվեարկել Վրացական երազանքին:
Վրացական երազանքը չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ կվերսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը: 2023-ի մարտին կուսակցությունը հետ էր կանգնել օրենքն ընդունելու իր փորձից՝ երկու գիշեր տևած բողոքի զանգվածային փողոցային ցույցերից հետո։ Այն ժամանակ կուսակցական առաջնորդները խոստացան, որ օրենքը հետ չի բերվի, քանի դեռ իրենք կառավարությունում են:
Չորեքշաբթի երեկոյան իր ելույթում Զուրաբիշվիլին ասել է, որ Վրացական երազանքը ցույց է տվել իր «իրական դեմքը»։
Նա ասել է, որ կուսակցությունը օրենքի նախագիծը ներկայացրեց այն շաբաթվա մեջ, որն «ամենից հագեցածն էր ազգային ոգով», քանի որ այն համընկնում էր 1989-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում խորհրդային զորքերի կողմից ցուցարարների ջարդի հետ: «Բայց դուք չունեք սա՝ ո՛չ եվրոպականություն, ո՛չ ազգային ոգի»,- ասել է նա։
Առաջարկվող օրենքը նա կապել է Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին ճնշելու նմանատիպ օրենսդրության հետ: «Ռուսաստանն այստեղ երբեք չի վերադառնա»,- ասել է նա։
Զուրաբիշվիլին օրենքն անվանել է «ռուսական օրենք»՝ եզրույթ, որ քննադատները 2023-ին օգտագործում էին օրենքին ընդդիմանալու ժամանակ։
«Ցավում եմ, պարոն Պապուաշվիլի, այս եզրույթն օգտագործելու համար, բայց ես պատրաստվում եմ արտաբերել այն»,- ասել է նա։ Նրա խոսքն ուղղված էր խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի՝ չորեքշաբթի ավելի վաղ որոշմանը՝ անջատելու ցանկացած պատգամավորի խոսափող, որն այդ օրենքը կանվաներ «ռուսական օրենք»։
Վրաստանի այս քայլը տեղի է ունենում մի ժամանակ, երբ Ռուսաստանի մի քանի դաշնակիցներ առաջ են քաշել իրենց օտարերկրյա գործակալների օրենքները: Չորեքշաբթի օրվա հայտարարությունը հնչեց ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Ղրղզստանի նախագահը ստորագրեց այդ երկրում օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Նման ռազմավարություն է որդեգրել նաև Ղազախստանը։ Աբխազիայի նախագահը ևս փետրվարին ներկայացրեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը՝ չնայած այդ նախաձեռնությանը տեղական երկարատև հակազդեցությանը:
«Ոչ Եվրոպային»
Նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ սրանով կառավարությունը փորձում է ականահարել Վրաստանի ԵՄ անդամակցության ուղին: Թեև կառավարությունը պաշտոնապես աջակցում է Վրաստանի՝ ԵՄ թեկնածությանը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո նա գնալով ավելի է թշնամացել Արևմուտքի նկատմամբ:
«Հիմա ամեն ինչ պարզ է. Վրացական երազանքը բավական հստակ հայտարարել է, նրանք ամեն ուղղությամբ «ոչ» են ասել Եվրոպային,- ասել է Զուրիբիշվիլին։- Հնարավոր ամեն ձևով, որ կանխորոշում է մեր ապագան,- այդ բոլոր ուղղություններով նրանք [Եվրոպային] ոչ ասացին»։
Նախագահն ասել է, որ Վրաստանը Եվրոպայից թեկնածուի կարգավիճակը ստացել է որպես «յուրատեսակ ավանս», և որ Վրացական երազանքն արդեն սկսել է սաբոտաժը: «Սաբոտաժը միակ բանն է, որ գալիս է իմ մտքով»,- ասել է նա:
Զուրաբիշվիլին թվարկել է կառավարության վերջին մի շարք քայլեր՝ նշելով, որ իշխող կուսակցությունը «որոշել է «ոչ ասել արդարադատության բարեփոխումներին, պաշտպանել Մուրուսիձեին և Չինչալաձեին [ԱՄՆ-ի կողմից պատժի ենթարկված դատավորներին], չզոհաբերել նրանց, նույնիսկ եթե դրա գինը լինի Վրաստանի եվրոպական ապագան; նրանք ասել են ո՛չ պատժամիջոցներին միանալուն և ԵՄ արտաքին քաղաքականությանը համագիծ լինելուն»:
Նախագահը հավելել է, որ վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ին վերջնագիր ներկայացնելը «զավեշտալի» է։
Չորեքշաբթի Վրացական երազանքն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանում գենդերային քվոտաները չեղյալ համարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները:
«Նրանք ասել են՝ ո՛չ կանանց իրավունքներին և գենդերային հավասարության վերաբերյալ գործնականում կատարված միակ հանձնարարականին։ Եկե՛ք հետ գնանք»,- ասել է Զուրաբիշվիլին։
Տե՛ս՝ «Վրացական երազանքը» կչեղարկի խորհրդարանի գենդերային քվոտաները
Նախագահն իր ելույթի ընթացքում հեգնանքով «շնորհավորել» է Վրացական երազանքին, որ նրանք այլևս ստիպված չեն լինի կանանց հաշվել իրենց անդամների թվում, «կամ եթե իրենց շարքերում կանայք կան, ապա նրանց վերաբերվում են այնպես, որ ավելի լավ է ընդհանրապես չնշել»։
«Դուք կորցրել եք վրացական տարրական քաղաքավարությունը։ Ցավում եմ ձեզ համար»։
Նա նկատի ուներ Վրացական երազանքի պատգամավոր Բեկա Օդիշարիայի՝ չորեքշաբթի ավելի վաղ ընդդիմադիր կին պատգամավորներին ուղղված հայհոյախառն արտահայտությունը։
«Ո՛չ հակակոռուպցիոն միջոցառումներին,- շարունակել է Զուրաբիշվիլին։- Ո՛չ, մենք չպետք է իմանանք, թե ինչպես են հարստանում մեր դատավորները կամ նախկին վարչապետները։ Ո՛չ բևեռացման հաղթահարմանը»,- ասել է Զուրաբիշվիլին:
«Ո՛չ արդար ընտրություններին, ո՛չ ընտրություններում սփյուռքի քվեարկությանը»,- ասել է նա՝ անդրադառնալով արտերկրում վրացիների քվեարկությունը խոչընդոտելու վերաբերյալ քննարկումներին։
Չորեքշաբթի նախագահի ելույթից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր երկար հայտարարությունում խոսել է առաջարկվող օրենքի «եվրոպականության» մասին։
Նա գրել է, որ կառավարությունն արդեն հաստատել է «թափանցիկության եվրոպական չափանիշը», և որ ժամանակն է՝ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները «եվրոպականանան»։ Նա հավելել է, թե օրենքի նախագիծը «անկասկած նրանց համար էական օգնություն կլինի»։
«Ինձ համար թափանցիկությունը նշանակում է եվրոպականություն, իսկ ոչ թափանցիկությունը նշանակում է ոչեվրոպականություն։ Չափազանց հակաեվրոպական է, երբ խուսափում ես թափանցիկության նվազագույն չափորոշչից»,- ասել է նա։
2023-ին, երբ օրենքն առաջին անգամ ընդունվեց, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն ասաց, որ այն «անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ»:
«Դա հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը։ Դրա վերջնական ընդունումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների վրա»,- զգուշացնում էր նա։
Նմանապես, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը պնդում էր, որ օրենքը «կհարվածի որոշակի իրավունքների, որոնք առանցքային են Վրաստանի ժողովրդի՝ համախմբված ժողովրդավարության, եվրատլանտյան ինտեգրման ձգտումների համար»։ Փրայսը նշում էր, որ օրենքի ընդունումը «կխոչընդոտի ԱՄՆ-ի՝ Վրաստանի ժողովրդի գործընկերը մնալու կարողությանը»։
Հակազդեցություն
2023-ին, երբ օրենքն առաջին անգամ ներկայացվեց, այն արժանացավ ինչպես տեղական ու միջազգային իրավապաշտպան խմբերի, այնպես էլ արևմտյան երկրների դատապարտմանը:
Հինգշաբթի ժամը 20:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի կունենա քաղաքացիական հասարակության երեք կազմակերպությունների բողոքի ցույցն ընդդեմ օրենսդրության:
Չորեքշաբթի երեկոյան առցանց անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ներառյալ OC Media-ն, համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերաներկայացումը հարված է մամուլի ազատությանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ օրենքը «կոչնչացնի անկախ քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին, կսպանի խոսքի ազատությունը, կսահմանի հասարակական կարծիքի նկատմամբ լիակատար վերահսկողություն և կվերացնի լրատվամիջոցները»:
Նրանք ասել են, որ լրատվամիջոցները կընդդիմանան օրենքի ընդունմանը:
Չորեքշաբթի Մամուլի միջազգային ինստիտուտը նույնպես հայտարարություն է տարածել՝ Վրաստանի կառավարությանը կոչ անելով «ձեռնպահ մնալ մամուլի ազատությանը սպառնացող այս խիստ օրենսդրության ընդունումից»։
Civilnet











