Օնլայն խանութներն ու բլոգերները հարկային մարմնի տեսադաշտում են․ ՊԵԿ պաշտոնյա

Հայաստանում օնլայն խանութները նույնպես պետական եկամուտների հսկողության ներքո են: Այդ մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
Նրա խոսքով՝ այդ ոլորտը կարգավորելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար «մենք ծախսում ենք վերլուծական լուրջ պոտենցիալ, իրականացնում ենք նաև հարկային հսկողություն»:
Օնլայն առևտրով զբաղվող ՀՀ բոլոր քաղաքացիները, ինչպես ընդգծում է պաշտոնյան, պարտավոր են ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, ինչպես նաև իրենց իրացումներն իրականացնելիս տրամադրել հաշվարկային փաստաթուղթ, այսինքն՝ հաշիվ ապրանքագրեր, ՀԴՄ կտրոններ:
«Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վերլուծական գործիքների արդյունքում հասկացել ենք, որ խնդիր կա նշված օնլայն խանութի հետ։ Օրինակ, պետական գրանցում չունի կամ ունի պետական գրանցում, սակայն իրացումները ձևակերպելիս գնորդներին չի տրամադրում անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթեր։ Այդ դեպքերում ձեռնարկում ենք միջոցառումներ և այդ ամեն ինչը արձանագրում ենք»,- նշում է ՊԵԿ ներկայացուցիչը:
Կոմիտեի ուշադրության կենտրոնում են նաև բլոգերները: Նման գործունեությամբ զբաղվող անձանց շրջանակը ՊԵԿ-ի համար տեսանելի է, վերջիններիս ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են ծանուցումներ:
«Բոլոր նման անձանց մենք ուղարկել ենք ծանուցումներ՝ տեղեկացնելով, որ իրենք պարտավոր են հաշվառվել հարկային մարմնում և օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաշվետվություններ: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այդպիսի 14 անձ արդեն հաշվառվել է հարկային մարմնում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում անհրաժեշտ հաշվարկ-հաշվետվություններ»,- նկատում է պաշտոնյան:
Այս վիճակը, նրա հավաստմամբ, երկար չի կարող տևել։ Որոշ ժամանակ անց ՊԵԿ-ը «ստիպված է իրականացնել գործողություններ, եթե հայտնի անձանց մյուս շրջանակը հարկային մարմնում չհաշվառվի»:
ՊԵԿ պաշտոնյան վստահեցնում է, թե իրենց համար մեծ խնդիր չէ պարզել բլոգերների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանառությունը:
«Մեծամասամբ իրենց գործունեությունը հանրային է և մենք հստակ կարողանում ենք ֆիքսել, թե իրենք երբ, ում ինչ ծառայություն են մատուցել։ Հետագայում անհրաժեշտության դեպքում կարող ենք ծառայություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կատարած աշխատանքի արդյունքում իրենց ձեռնարկատիրական եկամտի, հետևաբար նաև վճարվող հարկերի վերաբերյալ հստակ պատկերացում կազմել»,- զգուշացրեց Վահան Չարխիֆալակյանը:
Civilnet










