Փաշինյանը ԵԽ քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային աջակցությունը արցախցիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին․ «Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր:
«Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը: Վարչապետն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության հարուստ օրակարգին՝ կարեւորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման վերաբերյալ X-ի իր էջում գրառում է կատարել նաև Մարիա Պեյչինովիչ Բուրիչը․ «Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում»,- գրել է նա։
Excellent meeting w/PM @NikolPashinyan today in Yerevan @coe will continue to support Armenia in its reform process/Excellente réunion à Erevan avec le PM @NikolPashinyan @coe_fr continuera à soutenir l'Arménie dans son processus de réformes @armrepcoe
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) April 8, 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանում նաև հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Civilnet










