Առանց անթափանց ծածկոցի տեղափոխություն իրականացնող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Փոշու արտանետումների նվազեցման նպատակով ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով: Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50 000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000 ՀՀ դրամի չափով։ Կրկնակի խախտումների դեպքում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100 000 դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300 000 դրամ։
Civilnet











