Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք տևական ժամանակ է՝ դադարել էին։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից` իրականություն» թեմայով համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, որ առաջին նիստը չի ուշանա»,- նշել է նա։
Հարցին, թե գործընթացի շրջանակներում Հայաստանը պատրաստվո՞ւմ է ինչ-որ տարածքներ զիջել Վրաստանին՝ Կոստանյանը պատասխանել է․ «Տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին Երևանում վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Նա ասել է, որ անդրադարձ է կատարվել հունվարի 26-ին Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագրի գործնական իրագործման քայլերին․ «Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»։
Civilnet











