Հայաստանում վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ ծանուցման ընթացակարգերը փոփոխության կենթարկվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 12-ի նիստում։
«Բախվում ենք խնդրի, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խնդիրներ կան։ Սրա իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված լինելը դառնա անխուսափելի պրոցես»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ վարժական հավաքների մասնակիցների համար սահմանվելու է ծանուցումը ստացած լինելը հավաստող մեխանիզմ։ Մասնավորապես, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում քաղաքացու ստորագրությամբ ստացական է ներդրվելու, ինչպես նաև էլեկտրոնային փոստով նամակն ուղարկելու դեպքում հավաստում, որ քաղաքացին կարդացել է նամակը։
Բացի այս, նախատեսվում է, որ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակվելու է քաղաքացուն ուղղված քաղվածքը։ Քաղաքացին առաջին հերթին ծանուցվելու է էլեկտրոնային փոստով, դրա բացակայության դեպքում՝ ծանուցումն իրականացվելու է կամ փոստով կամ առձեռն հանձնելու եղանակով։ Եթե առձեռն կամ փոստով ևս չի ստացվում ծանուցել քաղաքացուն կամ քաղաքացին հրաժարվում է ընդունել ծանուցումը, այն կատարվում է հրապարակային ծանուցումների հարթակի միջոցով։
Խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը քննարկելու է անհետաձգելի ռեժիմով։
Civilnet











