Հայաստանի ճանապարհներին բացված ու բացվող փոսերը լցվելու ժամկետ ունեն։ Այդ ժամկետը սահմանված է ՀՀ կառավարության 2010-ի նոյեմբերի 4-ի 1419-Ն որոշմամբ։ Համաձայն այդ որոշման՝ ճանապարհների և թունելների երթևեկամասի, մայթերի վրա փոսերի վերացման ժամկետը 3-7 օր է: Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։ Սա վերաբերում է ինչպես Երևանի և մյուս քաղաքների, այնպես էլ մարզերի ճանապարհներին՝ միջպետական և համայնքային։
«Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակը բնորոշող ցուցանիշների նկատմամբ առաջադրվող պահանջները գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանի և ձմեռային ժամանակաշրջանի համար ներկայացված են կարգի Աղյուսակ 3-ում, որտեղ ճանապարհների և թունելների երթևեկամասի, մայթերի վրա փոսերի վերացման ժամկետը 3-7 օր է»,- ասվում է գրավոր պատասխանում։
Այս կարգը նաև սահմանում է ճանապարհին ի հայտ եկող տարբեր այլ խնդիրների վերացման ժամկետները։
Դեռ հունվարի 25-ին՝ կառավարության հերթական նիստին, նախարար Վահե Հովհաննիսյանն էր վստահեցրել, թե Հայաստանում գործում է կարգավորում, ըստ որի՝ «եթե ճանապարհին կա փոս, այդ փոսը երկու օր չի վերացվում, ապա լինում է տուգանք»։
Ըստ նախարարության պատասխանի՝ ճանապարհների պահպանման աշխատանքները պատասխանատուի կողմից ընդունվում և վճարվում են՝ թերություններ ունեցող յուրաքանչյուր մեկ կիլոմետրի համար (փոսայնությանն առաջադրվող պահանջների չկատարման դեպքում ընթացիկ ամառային պահպանման մասով՝ 38%, իսկ ընթացիկ ձմեռային պահպանման մասով՝ 5%):
Հայաստանում, սակայն, փոսերը ճանապարհներին են մնում ոչ թե առավելագույնը 7 օր, այլ ընդհուպ՝ ամիսներ։
Իրավիճակը հատկապես սրվում է Երևանում։ Այստեղ, սակայն, այլ խնդիր էլ կա։ Շատ հաճախ կապալառուների կողմից փոսերը մշակվում են՝ ասֆալտով լցվելու համար և այդպես մնում երկար ժամանակ։
Խնդրի մասին մի քանի անգամ խոսել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մասնավորապես, նա նախորդ տարվանից տարբեր առիթներով հայտարարում էր, որ փոսանորոգումը պետք է իրականացվի 24 ժամում։ 2023-ի մայիսի 8-ի գործակարգավարականին Ավինյանը պնդել էր, որ «այսուհետ փոսալցման աշխատանքները տեղի են ունենալու քանդում և փոսալցում նույն օրը» սկզբունքով, իսկ 2023-ի դեկտեմբերի 29-ի ասուլիսին ասել էր՝ «այսպես թե այնպես մենք այդ նպատակին հասնելու ենք, այսինքն՝ փոսալցման աշխատանքները պետք է կարողանանք իրականացնել 24 ժամում»։
ՍիվիլՆեթը փորձեց հասկանալ, թե արդյոք այս գործելաոճը սահմանվել է ու նման պահանջ դրվել կապալառուների առջև։ Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին հետևյալը․ «Փոսանորոգման աշխատանքները, այո, իրականացվում են 24 ժամվա ընթացքում՝ բացառությամբ անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով աշխատանքների հարկադրված դադարի դեպքերի: Եզակի դեպքերում էլ հնարավոր են չնախատեսված տեխնիկական դադարներ, օրինակ՝ մեքենասարքավորումների հնարավոր խափանումներ: Անգամ այդ դեպքերում փողոցների փոսանորոգումը ավարտին է հասցվում 72 ժամվա ընթացքում»։
Հարց է առաջանում նաև, թե ով պետք է վերահսկի ու արձանագրի խնդիրները, որից հետո էլ հոսելու է փոսերի վերացման համար նախատեսված ժամկետը։
Կառավարության վերոնշյալ որոշման մեջ նաև սահմանվում է, որ «ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների առկա վիճակի, ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը և կատարված աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման կողմից»:
Այս ստորաբաժանումները, փաստորեն, կախված համայնքից ու ճանապարհի նշանակությունից, կարող են տարբեր լինել։
Գևորգ Թոսունյան
Civilnet











