Երկուշաբթի ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին՝ պայմաններում, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին խորհրդարանի մոտ:
Բողոքի ցույցերը սկսվեցին վաղ առավոտից մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ, որոնք մինչև երեկո հասան տասնյակ հազարների: Թեև ոստիկանները շրջափակել էին խորհրդարանի շենքը բոլոր կողմերից և պատրաստի վիճակում ջրցան մեքենաներ ու ձայնային զենքեր ունեին, ցույցերը հիմնականում խաղաղ էին:
Երկուշաբթի երեկոյան ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին մոտենալ խորհրդարանի մուտքերին։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։
Անցյալ տարի բողոքի փողոցային ցույցերի պատճառով օրենքից հարկադրված հրաժարվելուց մեկ տարի անց՝ Վրացական երազանք կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ օրինագիծը հետ է բերում: Մեկ տարի առաջ կառավարությունը խոստացել էր չվերակենդանացնել օրենքը։
Երկուշաբթի գիշերը ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վնասվածք է ստացել մեկ ոստիկան, բերման է ենթարկվել 14 ցուցարար։
Հանձնաժողովի լսումների քննարկումների ընթացքում քաոսային տեսարաններ եղան։
Ինչ-որ պահի ընդդիմադիր Քաղաքացիներ կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածեց Վրացական երազանքի խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեի դեմքին: Այնուհետև Վրացական երազանքի մի խումբ պատգամավորներ ծեծի ենթարկեցին նրան՝ մինչ խորհրդարանի անվտանգությունը կհեռացներ նրանց: Խորհրդարանը միջադեպից հետո անմիջապես փակեց հանձնաժողովի նիստի հեռարձակումը:
Խորհրդարանից դուրս գալուց հետո Էլիսաշվիլիին դրսում ցուցարարները ողջունեցին բացականչություններով և գրկախառնություններով:
Նիստի ընթացքում առնվազն ինը ընդդիմադիր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման նախագահ Լևան Խաբեիշվիլին, հեռացվեցին հանձնաժողովի նիստից: Հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլին նույնպես քանիցս անջատեց ընդդիմադիր պատգամավորների խոսափողները՝ օրինագիծը «ռուսական օրենք» անվանելու համար։
Կիրակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարություն էր տարածել՝ արգելելով առցանց լրատվամիջոցներին, այդ թվում՝ OC Media-ին, մուտք գործել խորհրդարան՝ հանձնաժողովի լսումները լուսաբանելու համար:
Օրենքը լայնորեն դատապարտվել է տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերի և արևմտյան երկրների ու հաստատությունների կողմից:
Երկուշաբթի ԵՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպել են վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ քննարկելու օրենքը։ Զրույցի մանրամասները հայտնի չեն։
Հարյուրավոր ցուցարարներ՝ ԵՄ դրոշներով։ ԵՄ-ն հստակ հայտարարել է, որ օրենքի ընդունումը կարող է խաթարել Վրաստանի անդամակցության հայտը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։
Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքելու օրենքի դեմ։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։
Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը ցուցարարներն անվանում են «ռուսական օրենք», որակում է «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն» այն քաղաքացիական հասարակության կամ մեդիա կազմակերպություններին, որոնք ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստացել են Վրաստանից դուրս գտնվող աղբյուրներից: Նման կազմակերպությունները կենթարկվեն «մոնիթորինգի» արդարադատության նախարարության կողմից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, որի իրավաբանները կարող են ստուգել նրանց ներքին հաղորդակցությունը և գաղտնի աղբյուրները: Այն կազմակերպությունները, որոնք չկատարեն պահանջները, կենթարկվեն խոշոր տուգանքների:
Քննադատներն օրենքն անվանվել են «ռուսական օրենք», քանի որ Ռուսաստանում նմանատիպ օրենք կա քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար:
Civilnet











