Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ Հայաստանի ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված դավադրապաշտական լուրերը։
«Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին»,- ասված է Բադալյանի մեկնաբանությունում։
***
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից հերքում է ակնկալում բրյուսելյան պայմանավորվածությունների վերաբերյալ` մեկնաբանելով տեղեկությունը, թե իբր եռակողմ հանդիպմանը ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։
«Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանինն է»,- ասել էր Զախարովան։
Զախարովան չի բացառում, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ «Երևանին պարտադրվել է» փոխարինել ռուս սահմանապահներին արևմտյան մասնագետներով, ինչպես նաև փոխել կողմնորոշումը Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժման վերաբերյալ։
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Երևանը, Բրյուսելը և Վաշինգտոնը, անդրադառնալով հանդիպման վերաբերյալ շահարկումներին, հայտարարել էին, որ հանդիպումն առաջին հերթին տնտեսական ուղղվածություն ունի։ Գագաթնաժողովի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ նշված է առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ի կողմից 65 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին։ Հայտարարությունում խոսվել է նաև Հայաստանի համար ռիսկերը մեղմելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը ամրապնդելու ԵՄ ու ԱՄՆ-ի հանձնառության մասին։
Civilnet










