Գլխավոր Լրահոս

Գազի գնի շուրջ դեռ բանակցում են

Գազի գնի շուրջ դեռ բանակցում են

Թեև ռուսական «Գազպրոմում» պնդում են, որ հայկական կողմի հետ ներկայում աշխատում են 2012թ. մայիսին ստորագրված փաստաթղթով, որով և սահմանված է Հայաստան առաքվող գազի գինը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, թե Հայաստան առաքվող գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։

Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները շարունակում են Հայաստան առաքվող ռուսական գազի գնի վերաբերյալ անորոշ պատասխաններ հնչեցնել։

Պետեկամուտների կոմիտեի վիճակագրության հրապարակումներում նվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ռուսական գազի 1000 խմ-ի գինը կազմում է $219, այնինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է պնդել, թե գազի գինը չի փոխվել և կազմում է $180։

Հոկտեմբերի 12-ին Երևանում Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, պատասխանելով հայ լրագրողների հարցին, թե արդյոք նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան ներկրվող ռուսական գազի սակագների հարցը, բավական ուշագրավ հայտարարություն է արել։ «Մենք արդյունավետ շարժվում ենք այդ հարցի շրջանակներում և, վստահ եմ, որ ինչպես միշտ՝ մենք կհասնենք պայմանավորվածությունների, որոնք կգոհացնեն բոլոր կողմերին։ Մենք, իհարկե, միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկել ենք գազի գնի հարցը: Բանակցություններն ընթանում են»,- ասել է նա։

Ռուսաստանի տրանսպորտի և կապի նախարարի այս հայտարարությունից չի հասկացվում, թե որ տարվա համար են ընթանում բանակցությունները և որքան է ներկայում գազի գինը։

Հուլիսի վերջին, «Օրակարգին» հարցմանը, թե ինչ գնով է ներկայում Հայաստանը ձեռքբերում ռուսական բնական գազը, «Գազպրոմի» մամուլի ծառայությունից գրավոր պատասխանել են. «Ներկայում կողմերն աշխատում եմ «Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի լրացման համաձայն (ստորագրվել է 2012թ. մայիսին – խմբ.), որով սահմանված է Հայաստան առաքվող գազի գինը։ Գինը տնտեսավարող սուբյեկտների կոմերցիոն գաղտնիք է»։

Այս պատասխանից և ՊԵԿ-ի տվյալներից երևում է, որ Հայաստան առաքվող գազի գինն արդեն ֆիքսված է, և, ըստ էության, այն բարձրացել է։ Բանակցությունների մասին Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունները ամենայն հավանականությամբ վերաբերվում են 2013թ. գնին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի վերանայման կարիք լինի: Կարգավորչի համար ևս պարզ չէ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին։ «Ես դժվարանում եմ հիմա որևէ բան ասել, քանի որ մի շարք հարցեր դեռևս պարզ չեն»,- ասել է նա՝ նշելով, որ բանակցությունները դեռ շարունակվում են: «Վերանայման կարիք կլինի: Սպասենք, թե լիցենզավորված ընկերությունը ինչ հայտ կներկայացնի»,- ասել է նա:

Ստացվել է մի իրավիճակ, երբ այս տարվա գազի գնի վերաբերյալ անընդհատ տրվում են խուսափողական պատասխաններ և սա այն դեպքում, երբ նախկինում այն միշտ եղել է հրապարակային։

Ըստ «Օրակարգի» աղբյուրների՝ կառավարությունը գաղտնի է պահում գազի թանկացման փաստը, քանի որ նախատեսում է ռուսական գազի գնի փոփոխությունը սուբսիդավորել «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասի փոխանցման ճանապարհով։ Այդ եղանակով կառավարությունը ցանկանում է մինչև նախագահական ընտրությունները՝ 2013թ. փետրվարը, կանխել վերջնական սպառողների համար սակագնի փոփոխությունը։

Հաշվի առնելով նախորդ տարվա ծավալները և այս տարվա առաջին կիսամյակի միտումները՝ մինչև 2013թ. ապրիլի 1-ը փոխհատուցման համար կառավարությանն անհրաժեշտ է լինելու ընդհանուր առմամբ $90 մլն, որից միայն այս տարվա համար՝ $54 մլն։ Հաշվարկներից երևում է, որ կառավարությունն ամբողջովին կարող է փոխհատուցել այդ գումարները՝ «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի մոտ 12%-ը։ Արդյունքում պետության մասնաբաժինը կնվազի մինչև 8%:

Չի բացառվում, որ պաշտոնյաների կողմից հայտարարվող բանակցությունները ընթանում են հենց բաժնեմասի փոխանցման վերաբերյալ, այլ ոչ թե գնի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում