Հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը։
Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:
Ընդգծելով հայ-ռուսական տնտեսական կապերում արձանագրված աճը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով և կազմել 880 մլն դոլար: Ռուսաստանից Հայաստան ներկրումների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 17 տոկոսով՝ կազմելով 640 մլն դոլար:
Վարչապետի խոսքով՝ հատուկ ուշադրության է արժանի ռուսական շուկա հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման աճը. 2012թ. առաջին ութ ամիսների ընթացքում 2011թ. նույն ժամանակահատվածի համամետ այն աճել է 50%-ով և կազմել է 168 մլն դոլար: «Սա Հայաստանի առկա տնտեսական աճի կարևոր գործոններից մեկն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Ինչ վերաբերվում է երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ վարչապետն ընդգծել է ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը պատկանող «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտիների գործունեության ուղղությամբ տարվող աշխատանքներում արձանագրված առաջընթացը:
Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը ևս գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքներից:
Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2011թ. կայացած 13-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:
Civilnet











