Գլխավոր Լրահոս

Թվում էր՝ պաստառի մարդը ամեն ինչ վերահսկում է ու երբեք թույլ չի տա նոր պատերազմ և էթնիկ զտում 

Թվում էր՝ պաստառի մարդը ամեն ինչ վերահսկում է ու երբեք թույլ չի տա նոր պատերազմ և էթնիկ զտում 

Արամ Թադևոսյան

Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը․․․ քանի դեռ ապրում էինք այնտեղ, մեզնից շատերը կանխատեսում էին, որ դա շատ հավանական սցենար է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ դա տեղի կունենա մեզնից հետո։ Բացառիկ դեպք է, որ խաղաղապահ առաքելությունը կորցնում է իր նպատակը այդքան գերադրական աստիճանով․ Արցախում հիմա կատարյալ խաղաղություն է։ 

Մեր վերլուծաբանները շատ են սիրում խոսել այլ պետությունների շահերից, բայց հիմնվելով օբյեկտիվ ու տրամաբանական փորձառության վրա, հաշվի չեն առնում ընթացիկ իրողությունները։ Անգամ Արցախի էթնիկ զտումից հետո ոմանք պնդում էին, թե ի դեմս այնտեղ մնացած խաղաղապահների՝ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենալ, և դա կարելի է օգտագործել հայերի վերադարձի տեսանկյունից։

Ռուսական զինվորականների մուտքն Արցախ, պատմական ասոցիացիաներով ապրող, ավելի ստույգ՝ դրանցում խճճված, հայ ժողովրդի մտքում խորհրդային վերջին տարիների արկածային ժամանակների նոստալգիկ հիշողություններ արթնացրեց։ Խոսքը Գյուլիստանի պայմանագրի «պատգամաբերների» և ռուսական հեռուստաեթերի միջով կյանքին նայողների մասին չէ միայն․ մենք պարզապես որպես հանրություն սովոր էինք աշխարհի մտապատկեր ունենալ, որում Ադրբեջան գործոն գոյություն չունի։ Ռուսաստանը ադրբեջանա-հայկական երկարատև կոնֆլիկտի տարբեր փուլերում եղել է ակտիվ գործողությունները կանգնեցնող և նոր ստատուս-քվո սահմանող  և, ինչը շատ կարևոր է, հարցերը հետաձգող, որ հետագա սերունդներն իրավիճակը փոխելու հնարավորությունից զրկված չմնան։ Այս անգամ որպես պարտված կողմ, մենք էինք ձգտում՝ Կրեմլն իր այդ գործառույթը վերստին կիրառի, որ ոտքի կանգնելու ժամանակ ունենանք։

Ոչինչ այնպես չէր նպաստում հետպատերազմյա շոկի հաղթահարմանը և ադրբեջանական զինված ուժերի մերձակա ներկայության անտեսմանը, որքան ռուսական դրոշները, որ խաղապահները մեծ քանակով տեղադրում էին իրենց ներկայության վայրերում։ Խաղաղապահների տեղակայման առաջին ամիսների ընթացքում Արցախի ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ հարցազրույցներ էին տալիս կամ հայտարարություններ էին անում, որ Արցախը կայունության նոր փուլ է մտնում, ոմանք խոսում էին անգամ նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքները վերադարձնելու հնարավորության մասին։

2020-ի պատերազմից հետո աստիճանաբար պարզ էր դառնում, որ Հայաստանի իշխանությունն ուղղություն է վերցրել ներքին և արտաքին քաղաքականությունը կառուցել կոնֆլիկտից դուրս գալու զանգվածային ձգտումները իրացնելու վրա, ըստ իր կերպարանքի և էության, սակայն Արցախի էլիտաներն սկզբնական շրջանում այդ որոշմանն այնքան սուր չէին արձագանքում․ նրանց համար Հայաստանի քաղաքական աջակցությունն այլևս վճռական նշանակություն չուներ։ Այլ կերպ, եթե ռուսների հետ կապված նրանց ակնկալիքներն արդարանային, ապա մեկը մյուսին լքելու մեղադրանքները փոխադարձ դառնալու բավարար հիմքեր կունենային։ Այն, թե ում էին ակնկալում տեսնել խաղաղապահների մեջ, լավ ցույց է տալիս նրանց առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովի անձին հասանելիություն ունենալու «հրմշտոցը»։ 

Խաղապահների առաջին հրամանատարին Արցախում ճանաչում էին բոլորը, նման «փառքի» չի արժանացել փոխարինողներից ոչ մեկը: Արցախի նախագահի հրաժարականը պահանջողներին որպես հակափաստարկ նշվում էր, որ Արայիկ Հարությունյանը գործնական և անձնական լավ հարաբերություններ ունի խաղաղապահների հրամանատարության հետ։ Ռուսերենը դարձավ պաշտոնական երկրորդ լեզու, Պուտինը հռչակվեց «տարվա մարդ» և նրա լուսանկարով ու այդ գրառմամբ պաստառը փակցվեց Ստեփանակերտ մտնող ճանապարհի եզրին։ Թվում էր՝ պաստառում պատկերված մարդու ծրագրերը գուշակել ենք, թվում էր՝ պաստառի մարդը ամեն ինչ վերահսկում է ու երբեք թույլ չի տա նոր պատերազմ և էթնիկ զտում։ Սակայն, Ադրբեջանը չէր հաստատում խաղաղապահ առաքելության մանդատը։ 2021-ի սեպտեմբերին խաղաղապահների երկրորդ հրամանատար նշանակված Միխայիլ Կոսոբոկովին Ադրբեջանի պահանջով երկու շաբաթ անց փոխարինեցին։ Տարօրինակ համառությամբ խաղաղապահները պնդում էին, որ Արցախի Մարտունի քաղաքում գտնվող Նժդեհի արձանը պետք է ապամոնտաժվի, ինչը նույնպես ադրբեջանական պահանջ էր։ Անախորժ այլ հանգամանքներ ևս կային, ինչպես արտասահմանյան քաղաքացիների համար Արցախ մուտք գործելու հատուկ թույլտվության պահանջը, սակայն այդ ամենը երկրորդական էր, քանի դեռ խաղաղապահները կատարում էին իրենց հիմնական գործառույթը։ 

Իրականում՝ խաղաղապահները քիչ բան էին վերահսկում։ 2022-ի սրացումներից սկսած՝ մենք տեսնում էինք, որ խաղաղապահները գործում են ըստ իրավիճակի և խնդիրներին լուծումներ կամ շրջանցումներ հորինում են տեղում։ Եթե դաշտում աշխատող տրակտորի վրա կրակում են, նրանք մեկնում են դեպքի վայր և իրենց ներկայությամբ փորձում են գործը գլուխ բերել, բայց երբ տրակտորի վարորդը դիպուկահարի կողմից խոցվում է, նրանք եզրակացնում են, որ այդ դաշտը մշակելն այլևս անհնար է։ Երբ ադրբեջանական զինուժը զբաղեցրեց Քարագլուխ բարձունքը, խաղապահները գնացին Փառուխ գյուղ և փակեցին գյուղի միջով Քարագլուխ տանող ճանապարհը։ Ի պատասխան՝ ադրբեջանցիները շրջանցիկ ճանապարհ բացեցին, և որոշ ժամանակ Փառուխում մնալուց հետո խաղաղապահները հեռացան այնտեղից։ 

Արցախի շրջափակման ամբողջ ընթացքում խաղաղապահները նույն հանկարծաստեղծման ռեժիմում էին, մեզ հետ միասին ելքեր էին որոնում, կարծես թե գործ ունեինք կենցաղային դժվարությունների հետ։ Քանի դեռ Շուշին շրջանցող գրունտային ճանապարհը բաց էր, խաղաղապահները ուղեկցում էին Հայաստանից եկող բեռնատարների շարասյուները կամ իրենց տրանսպորտով էին պարեն մատակարարում։ Եթե դրա արգելափակումից հետո մեկ այլ արահետ մնար, նրանք վստահաբար պատրաստ էին բեռնակիր ավանակներին ուղեկցել։ Նույնն էր նաև վերջին ռազմական գործողությունների ժամանակ։ Ըստ կարելվույն, խաղապահները փորձեցին խուսափել կրակի գոտում հայտնվելուց, հետո մասնակցեցին շրջապատված գյուղերից և տեղանքներից խաղաղ բնակչության ու զինծառայողների դուրսբերմանը, փախստականներին ապաստան տվեցին իրենց բազայում, ուղղաթիռներով հանեցին անհապաղ բուժօգնության կարիք ունեցողներին։ Անգամ էթնիկ զտումից հետո իրենց համար զբաղմունքներ էին հորինում։

Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խաղաղապահների հարաբերությունները կարելի է բնորոշել տիպիկ ռուսական «может договоримся?» հուսահատ արտահայտությամբ։ Պարտականությունների այն մասը, որը զուտ իրենց իրավասությունների տիրույթում էր և չէր պահանջում պաշտոնական Մոսկվայի քաղաքական միջամտությունը, խաղաղապահներն իրականացրել են զինվորականին հատուկ ուղղամտությամբ և կրավորական կեցվածքով։ Ինչը չի ստացվել, հետևողական չեն եղել։ 

Ընդհանուր առմամբ, Արցախում գտնվելու ողջ ընթացքում նրանք իրավիճակի փոփոխություններին հետևել են կողքանց և անզորությամբ հայտարարել են, որ ամեն ինչ նորմալ է։ Տեսարանն առավել ցայտուն դարձավ, երբ խաղաղապահների անձնակազմը սկսեցին համալրել ժամկետային զինծառայողներով։ Անցած սեպտեմբերի վերջին, անվերադարձ բացված Լաչինի միջանցքում, վերև տնկած ուղեկալների մոտ կանգնած, իրենց ժողովրդի դասական մշակույթը բարեհաջող շրջանցած անվրդով դեմքերով այդ տղաները օրեր էին հաշվում, թե երբ են տուն գնալու։

***

Արամ Թադևոսյանը քաղաքագետ է և վերլուծաբան Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնում։ Նա Արցախից տեղահանվել է 2022-ի սեպտեմբերին։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում