Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով

2024-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 15,3%-ով, իսկ հունվար-մարտին 2023-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 14,3%:
Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, մարտին տնտեսական ակտիվության աճն ապահովել են արդյունաբերությունը՝ 33,5% աճի ցուցանիշով, առևտրի շրջանառությունը՝ 30,4%, շինարարությունը՝ 13,1%, ծառայությունները՝ 4,7%:
Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,1 անգամ: Ընդ որում, արտահանումն աճել է 3 անգամ` հասնելով 1,8 մլրդ դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 56,2%-ով, որը համարժեք է 1,7 մլրդ դոլարի:
Եռամսյակի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի ճյուղային բաշխվածությունը հետևյալն է․ հունվար-մարտին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 30,4%-ով, որը հիմնականում պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների և քարերի ոլորտի կտրուկ աճով:
Եռամսյակում առևտրի շրջանառությունն աճել է 26,5%-ով, շինարարությունը՝ 11,7%-ով, ծառայությունները՝ 5%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3,7%-ով:
Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,1 անգամ` կազմելով 9,1 մլրդ դոլար: Արտահանումն աճել է ավելի արագ` 2,7 անգամ՝ հասնելով 4,4 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը՝ 75,8%-ով՝ կազմելով 4,7 մլրդ դոլար:
Տնտեսական ակտիվության կտրուկ աճը, որն ըստ փորձագետների մեծամասամբ պայմանավորված է Հայաստանով ռուսական ոսկու և թանկարժեք քարերի՝ Արաբական Միացյան Էմիրություններ և Հոնկոնգ վերաարտահանմամբ, գրանցվել է գնանկման պայմաններում:
Մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գները նվազել են 1,2%-ով: Ճիշտ այդքան էլ գնանկում է գրանցվել եռամսյակի կտրվածքով:
Civilnet










