«Մոբայլ սենթր»-ը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն

Բջջային հեռախոսների և աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն՝ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։
«Մոբայլ սենթր արթ»-ը հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 19,9 միլիարդ դրամի հարկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է, այս ցուցանիշին հասել է այդ թվում դեպի Ռուսաստան կատարած մեծ վերաարտահանումների շնորհիվ։ Հունվարին Սիվիլնեթը գրել էր, որ տեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանել վճարած հարկերի ծավալով։ «Մոբայլ սենթր արթ»-ը 2023-ին վճարել էր 46,1 միլիարդի հարկեր։
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած ավելի քան 18,1 միլիարդի հարկերով։ Ընկերությունը մոտ 3 միլիարդով հարկերը նվազեցրել է 2023-ի առաջին եռամսյակի համեմատ։ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ երրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը բյուջե է վճարել 15,6 միլիարդի հարկեր։
Ծխախոտի արտադրությամբ, վաճառքով ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն, ըստ ՊԵԿ-ի, այս տարվա առաջին երեք ամիսներին ավելացրել է վճարած հարկերի ծավալը՝ հասցնելով 13,2 միլիարդի։ Մեկ այլ ծխախոտագործական ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, այս տարվա եռամսյակի տվյալներով բյուջե է վճարել 4,7 միլիարդ դրամ։ 2023-ի առաջին երեք ամիսներին ընկերությունը բյուջե էր վճարել 4,5 միլիարդ դրամ։
Կենցաղային տեխնիկայի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Փրիթի ուեյ» ընկերությունը (ավելի հայտնի է որպես «Վեստա» խանութների ցանց), մոտ 2,8 միլիարդով նվազեցրել է հարկերը։ 2023-ի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել էր 11,6 միլիարդ դրամի հարկեր, իսկ այս տարվա երեք ամիսներին՝ 8,8 միլիարդ։
Անցած տարվա հունվար-մարտի համեմատ վճարած հարկերը կրկնապատկել է ԱՊՀ-ի ամենամեծ առքուվաճառքի օնլայն հարթակի` Wildberries-ի ներկայացուցչությունը։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է ավելի քան 4,2 միլիարդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,1 միլիարդի համեմատ։
1000 խոշոր հարկատուների վերին հորիզոնականներում գտնվող բանկերից վճարած հարկերի ծավալով մեծ անկում է գրանցել Ակբա բանկը։ Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 3,1 միլիարդի հարկեր, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարված հարկերի ծավալը 7,1 միլիարդ էր։ Մեկ այլ խոշոր բանկ՝ «Ամերիաբանկ»-ը, վճարած հարկերն այս տարվա 3 ամիսներին ավելացրել է մոտ 1,1 միլիարդով։
Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է ավելի քան 387,1 միլիարդ դրամ։ Դրանից գրեթե 330 միլիարդը եղել են հարկային մարմին կատարած վճարումները, 57,2 միլիարդը՝ մաքսային մարմին։
Civilnet










