Գլխավոր Լրահոս

Մասիսի դպրոցի ուսուցչուհին ազատվեց աշխատանքից․ նրան մեղադրում են երեխաներին հայհոյելու ու ծեծելու մեջ

Մասիսի դպրոցի ուսուցչուհին ազատվեց աշխատանքից․ նրան մեղադրում են երեխաներին հայհոյելու ու ծեծելու մեջ

Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։ ՍիվիլՆեթը զրուցել է դպրոցի տնօրենի, որոշ աշակերտների ծնողների, նաև՝ ուսուցչուհու հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել։ Ուսուցչուհին հերքում է իր մասին շրջանառվող այդ լուրերը։ Տնօրենը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այսօր՝ ապրիլի 26-ին, իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։

Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։

ՍիվիլՆեթը կապվել է դպրոցի տնօրենի, որոշ ծնողների ու հենց ուսուցչուհու հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվել։ Նաև այցելել ենք դպրոց՝ տեղում հասկանալու տրամադրությունները։

Արցախցի աշակերտներից մեկի ծնողի խոսքով՝ ուսուցչուհին օրեր առաջ ոտքով հարվածել էր իր 14-ամյա տղային։

«Երեխայիս ոտքով խփել է, ոտքը հետո կարմրել, ուռել է։ Մի անգամ խփելուց հետո ցանկացել է նորից խփել, բայց մի երեխա ընկել է առաջը, որ չխփի։ Սառը ջուր եմ դրել հետո, որ անցնի։ Խփելուց բացի, նաև վիրավորանքներ է հասցրել, ասել է՝ «բոմժ», «անասուն», «Արցախից չպիտի գայիք», - պատմում է տուժած երեխայի ծնողը, որը ցանկացավ գաղտնի մնալ։

«Երեխաս գնացել է, ասել է՝ ինչո՞ւ ես խփում ընկերոջս, հրել, գցել է գետնին»,- ասում է արցախցի մյուս երեխայի՝ Գոռի մայրը՝ Արմինե Օհանյանը։

Արցախցի երեխաներից մեկի ծնող Սուսաննա Սևյանն էլ ասում է, որ իր երեխային ևս վատ է վերաբերվել․ «Գրքով խփում է, բշտում է երեխաներին, գրիչներ է նետում նրանց վրա։ Իմ մյուս երեխայի հեռախոսը վերցրել է ձեռքից, երկու օր չի տվել, երեխան դասի ժամանակ հեռախոս չի հանել, դասամիջոցին է հանել, եթե վերցրել է, պարտավոր է դասից հետո երեխային տալ։ Երեխային ասել է՝ մինչև մայրդ չգա, չեմ տալու, ասել եմ՝ եթե չտա, ոստիկանություն եմ դիմելու, հետո երեխային է տվել հեռախոսը»։

Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի խոսքով՝ ուսուցչուհին 2021 թվականից է աշխատում իրենց դպրոցում և «միշտ խնդիրներ է ունեցել երեխաների հետ»։

«Եթե առանձնացնենք, որ զուտ արցախցիների հետ է կապված՝ ոչ, բոլորի հետ նա անկախ տարիքից միշտ ունեցել է խնդիրներ ու այս տարի ընդունվել է վեց ժամով աշխատանքի։ Արցախից ընդունված երեխաների հետ կապված, մեր հիմնական ուսուցչի տեղափոխության հետ կապված ժամեր ավելացան, դե բնականաբար որպես հիմնական մասնագետ ես նրան ժամեր տվեցի։ Արդեն, բնականաբար, շատ ժամեր, երեխաներ՝ շփումը չստացվեց։ Մենք երևի այսպիսի խառնաշփոթում ենք դեկտեմբեր ամսից»,- պատմում է տնօրենը։ 

Նարինե Բարսեղյանի խոսքով՝ մինչև այս վերջին դեպքը այլ երեխաների չէր հարվածել։ Ապրիլի 22-ին է տեղի ունեցել երեխային ոտքով հարվածելու դեպքը՝ 8բ դասարանում։ Այդ ժամանակ տնօրենը դասալսման էր։ Հետո է երեխան նրան պատմել տեղի ունեցածը։

«Դասամիջոցի ընթացքում երեխան մոտեցել է ուսուցչուհուն՝ հարց տալու, նա հարցին չի պատասխանել և հարվածել է երեխային։ Երեխան մոտեցավ ինձ, ասաց՝ նման բան է եղել, դասարանի երեխաները հաստատեցին, նույնիսկ գրավոր կա ինձ մոտ երեխաների ասածը, երեխաներն են գրել-ստորագրել։ Դե արդեն դիմեցինք ոստիկանություն, ծնողը ինքը արդեն գնաց համապատասխան բացատրություն գրելու՝ կապված երեխայի հարվածի հետ», - ասում է տնօրենը։

Ինչպես հաստատում են մեր զրուցակիցները՝ ոստիկանություն բողոք առաջինը ներկայացրել է ուսուցչուհին՝ հայտնելով, որ «երեխաները իրեն վիրավորում են, իր մարմնի տարբեր մասերին ձեռք են տալիս»։ 

Արև Վրացյանը բողոք է ներկայացրել է արցախցի երեք երեխայի դեմ։ Արցախցի երեխայի ծնողն էլ իր հերթին է բողոք ներկայացրել ոստիկանություն՝ երեխային հարվածելու դեպքով։

«Ես եմ երեխաների հետ գնացել ոստիկանություն, նրանք բացատրությունը գրել են, վերջում ասել են՝ մենք անչափահաս ենք, նման բաներ չենք էլ հասկանում»,- հավելում է տնօրեն Նարինե Բարսեղյանը։ 

Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի

«Երեխան փոքր երեխա է, ինչ գիտի նման բաները, Ղարաբաղ տենց բան լսած էլ չկան։ Երեխաները չգիտեն էլ՝ դա ինչ է»,- ասում է ծնողներից Արմինե Օհանյանը։

2023-ի Արցախից տեղահանությունից հետո դպրոցն ունեցել է մոտ 180 արցախցի աշակերտ, բայց տեղափոխություններ են եղել․ որոշ արցախցիներ գնացել են այլ վայրեր՝ բնակության։ Այս պահին դպրոցում մոտ 120 արցախցի աշակերտ կա։ Մասիսցի երեխաների ծնողներից մեկի խոսքով՝ ոչ միայն արցախցիների, այլև տեղացի այլ աշակերտների հետ է ուսուցչուհին կոնֆլիկտ ունեցել։

«Իմ երեք երեխային էլ դաս էր տվել, մեկի համար պայքարեցինք, հազիվ կարողացան մի դասարանը վերցնել իրենից, որովհետև իմ տղայի գլուխը տվել էր գրատախտակին, եքա հարցեր, կոնֆլիկտներ իրա հետ, նորմալ չի դասավանդում, որ հայոց լեզուն այնպիսի առարկա ա, որ պիտի երեխաները ընկալեն, իմ երեխան հայոց լեզվից այնքան ուժեղ էր, որ ամեն հարցին ինքը պատասխանում է, իսկ հիմա իրանք նորմալ դաս չեն անում, ամեն ինչ վերածվում ա կռվի, երեխաները հարց են տալիս, երեխաների հարցերին չի պատասխանում։ Ինքը երեխաների հարցերը շրջանցում ա, բա էլ ինչ ուսուցչուհի, եթե երեխաների հարցերին չի պատասխանի։ Վիրավորում ա, նեղացնում ա, ասում ա՝ ոչխարի բալեք, թուրքեր, թուրքի լակոտներ, ինչքան կարելի ա»,- ասում է տեղացի երեխաներից մեկի ծնողը՝ Անիկ Հակոբյանը։

Մենք նաև կապ հաստատեցինք ուսուցչուհու հետ, որը հերքեց իր մասին շրջանառվող լուրերը, թե վիրավորում է երեխաներին ու հարվածում։

«… Ինձ դասապրոցեսին դնում են երեխաների միջոցով անելանելի վիճակներում, շատ ժամանակ լացս զսպած դասեր եմ վարում, երեխաները իրենց պահում են շատ վատ, աննկարագրելի, ես դիմում եմ տնօրենին, դասղեկին, ոչինչ չի փոխվում, շատ դեպքերում եթե նման բաներ են լինում, երեխաներին տանում են բաժին, ոստիկան է գալիս, տեսուչին նկատի ունեմ, անչափահասների տեսուչը, կարգի են հրավիրում, նկատողություն են անում բանավոր, գրավոր, իմ դեպքում ոչինչ չի արվում։ Թույլ չեն տալիս… »,- ասում է ուսուցչուհին։

Ուսուցչուհին պնդում է, որ երեխան է իրեն խփել, ինքն էլ հրել է երեխային։ «Հետ եմ հրել հարվածից պաշտպանվելու համար, և անվայել բառեր եմ լսել՝ ցենզուրայից դուրս, ինձ թույլ էլ չեմ տալիս կրկնել։ Ինձ խփեցին, ես հետ եմ հրել»,- ասաց Արև Վրացյանը՝ հավելելով, որ իր «բառապաշարում վիրավորանք չկա»։

Տնօրենի խոսքով՝ ապրիլի 26-ին իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։

Սիրանուշ Ադամյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում