Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Վարչապետը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական աճին: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի այցը տարածաշրջանային է, նա մեկնելու է նաև Վրաստան և Ադրբեջան։
https://civilnet.am/news/770660/%d5%a5%d5%be%d6%80%d5%a1%d5%b4%d5%ab%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%e2%80%a4-%d5%a5%d5%b4-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6/
Civilnet










