ՏՏ ոլորտում աշխատողների 27,3%-ը օտարերկրացի է, որից 89%-ը՝ ՌԴ քաղաքացի

2023-ի տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33 980, ինչը 2022-ի տարեսկզբի համեմատ ավել է 12 992-ով կամ 61,9%-ով: Այդ մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023 թ.-ին» հետազոտությունից:
Համաձայն հետազոտության՝ 61,9% աճի առնվազն 44,2 տոկոսային կետը պայմանավորված է օտարերկրացիների, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով․ «Արդյունքում, օտարերկրացիների մասնաբաժինը ՏՏ ոլորտի վարձու աշխատողների կառուցվածքում 2022-ի հունվարի 4,1%-ից 2023-ի դեկտեմբերին հասել է 27,3%-ի»,- նշվում է աշխատանքում։
2023-ի տարեվերջի դրությամբ ոլորտում աշխատող օտարերկրացիների 89%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 3%-ը՝ Իրանի, 2%-ը՝ Բելառուսի․ «Հարկ է նշել, որ ՏՏ ոլորտի ՌԴ քաղաքացի աշխատողների թիվն իր առավելագույնին է հասել 2023թ-ի հունիսին՝ 8 613, որից հետո դանդաղ տեմպերով նվազել է հասնելով 8 262-ի տարեվերջին»։
Հետաքրքրական է, որ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունն աշխատում է ռելոկացված ընկերություններում, ընդ որում ՝ այդ ընկերություններից շատերը, որպես կանոն, քիչ են ներգրավում Հայաստանի քաղաքացիներին և գործում են Հայաստանի ՏՏ համայնքից մեկուսի։
Հայաստանցիների թիվն աճել է 3 700-ով
Դիտարկվող ժամանակահատվածում, համաձայն հետազոտության, այս ոլորտում ներգրավված Հայաստանի քաղաքացիների թիվն աճել է առավել համեստ տեմպով` շուրջ 3 700-ով։ 2022-ի տարեվերջին ոլորտում գործել են նաև վարձու աշխատող չունեցող 2 653 անհատ ձեռնարկատերեր, որոնց թիվը 2023-ի տարեվերջին հասել է 4 834-ի:
ՏՏ ոլորտի թողարկումը կազմել է մոտ 837 միլիարդ դրամ
Ուսումնասիրության մեջ նաև նշվում է, որ 2023-ին ՏՏ ոլորտի համախառն թողարկումը ընթացիկ գներով կազմել է մոտ 837 միլիարդ դրամ՝ 252 միլիարդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Ընդ որում, ՏՏ ոլորտի մաքուր թողարկումը շուրջ 32 միլիարդ դրամով ավելի շատ է եղել, քան համախառն թողարկումը, որի կեսը բաժին է հասել ընդամենը 71 ընկերության։
Նշվում է, որ 2023-ին համախառն թողարկման 78,5%-ը կամ 657 միլիարդ դրամը բաժին է ընկել ծրագրային ապահովման մշակման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին: Այս ոլորտի իրացման շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 44,4%-ով կամ 202 միլիարդ դրամով։
«2023թ-ին ՏՏ ոլորտի շրջանառության 87%-ը կամ 755 միլիարդ դրամ իրացվել է արտաքին շուկաներում, իսկ 13%-ը կամ 114 միլիարդ դրամ՝ ներքին շուկայում։ Ընդհանուր առմամբ, ԱԱՀ վճարող 3 210 տնտեսավարող սուբյեկտ 2023-ի ընթացքում արտահանել է ՏՏ արտադրանք կամ ծառայություն, որոնցից 56-ի դեպքում ՏՏ ոլորտը հանդիսանում էր ոչ հիմնական գործունեություն (ընդհանուր շրջանառության մեջ ՏՏ ոլորտի շրջանառությունը 50% կամ ավելի քիչ էր)»,- նշված է ուսումնասիրությունում:
2023-ին ՏՏ ոլորտի համախառն շրջանառության 93,2%-ը կամ 780 միլիարդ դրամ գեներացվել է ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվության և համակարգչային ծրագրերի հրատարակության ոլորտներում: Այս ոլորտներում իրացման շրջանառության շուրջ կեսը բաժին է հասել ընդամենը 60 ընկերության։
ՊԵԿ-ի և Վիճակագրական կոմիտեի տվյալները տարբերվում են
Հետազոտությունում մատնացույց է արվում ոլորտի համախառն շրջանառության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի և ՊԵԿ-ի տվյալների տարբերությունը: Ըստ Վիճակագրական կոմիտեի` ոլորտի համախառն շրջանառությունը 2023-ին կազմել է 450 միլիարդ դրամ, ինչը շուրջ 387 միլիարդով զիջում է ՊԵԿ-ի ցուցանիշին։
«Այս տարբերությունը վկայում է այն մասին, որ ոլորտի բազմաթիվ ընկերությունների տվյալներ ներառված չեն Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության վարչական ռեգիստրում, որից էլ տվյալներն ստանում է Վիճակագրական կոմիտեն»,- բացատրում են հետազոտության հեղինակները։
Նշվում է նաև, որ ՏՏ ոլորտի համախառն շրջանառության 6,5%-ը կամ 54 միլիարդ դրամը գեներացվել է տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման, վեբ-պորտալների հետ կապված և հարակից գործունեության ոլորտում, իսկ 0,4%-ը՝ համակարգիչների և էլեկտրոնային սարքավորանքի արտադրության ոլորտում։
Civilnet










