Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ղազախստանի Ալմաթի քաղաքում կհանդիպեն մայիսի 10-ին, հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան)»,- տեղեկացրել է Բադալյանը։
***
Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»։
Հայաստանի ԱԳՆ-ն ապրիլի 26-ին կողմ էր արտահայտվել Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման անցկացմանը՝ նշելով, որ Երևանը «կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին»։
Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար․ «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,- նշել էր Տոկաևը։
https://civilnet.am/news/773414/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%a1%d5%a3%d5%b6/
Civilnet











