Ադրբեջանի հետ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» համաձայնության ենք եկել բազմաթիվ հարցերի շուրջ․ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցություններին։
«Մենք կառուցողաբար ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ Ալմա-Աթայի՝ դեռևս 1991թ․ ստորագրված փաստաթղթի և դրանում արձանագրված, ամրագրված սկզբունքների հիման վրա։ Արդեն նշեցի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և հուսամ մոտ առաջիկայում այստեղ ևս արդեն շատ կոնկրետ արդյունքներ կկարողանանք արձանագրել», - ասել է Միրզոյանը։
Ադրբեջանի պետական գործակալության լրագրողը դիտարկում է արել, որ կարծես խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «պինգ-պոնգ դիվանագիտություն» լինեն։ Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է․ «Այդ նույն «պինգ-պոնգ դիվանագիտության» շրջանակներում մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հոդվածների և հարցերի շուրջ»:
Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալմաթիում տեղի ունենալիք առաջիկա հանդիպման վերաբերյալ Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել՝ հույս հայտնելով, որ իրենց կհաջողվի «համաձայնության հասնել կամ այս նույնը՝ նույն հավատարմությունն ու նույն սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում»։
«Անշուշտ, կան էլի հարցեր, օրինակ, քիչ առաջ ես խոսում էի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, այստեղ ևս մենք դեռ լիարժեք փոխըմբռնում չունենք, բայց ունենք, օրինակ, Հայաստանի շահագրգռվածությունը բացել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների հաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքներին համաձայն: Ահա այս հարցերի շուրջ, որտեղ կարծում եմ, որ մեզ կհաջողվի ուշ թե շուտ գալ համաձայնության, որովհետև արդեն երկրների ղեկավարների դեպքում, ինչպես նշեցի, և փոխվարչապետի դեպքում որոշակի ըմբռնում կա: Հիմա, եթե մեզ հաջողվի այս ամենը հստակորեն արձանագրել նաև խաղաղության պայմանագրում, կարող ենք ասել, որ մենք հասնում ենք տեղ եկարատև խաղաղության հաստատման առումով», - ընդգծել է արտաքին գերատեսչության ղեկավարը։
Civilnet










