Փաշինյանն ասել է՝ ինչու չի մասնակցել Պուտինի երդմնակալությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպում, երբ նա 2023 հունիսի 3-ին ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը:
«Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալությանը մասնակցելու: Հաշվի առնելով նաև մեր օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել եմ: Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել: Եթե հրավեր էլ ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով կազմակերպած ասուլիսը:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ մայիսի 7-ին։ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։
Civilnet










