Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը, որը մասնակցում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովներին, կարծիք է հայտնել, որ Հունաստանը հնարավոր է՝ լքի եվրոգոտին մոտակա վեց ամիսների ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
Բորգը հոռետեսորեն է վերաբերվում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու Հունաստանի հնարավորություններին: Նրա գնահատմամբ՝ Հունաստանի մրցունակությունը շատ թույլ է:
«Դժվար է հասկանալ՝ ինչպես կարող են Հունաստանի իշխանությունները իրավիճակը վերահսկել առանց իրենց երկրի մրցունակության բարձրացման և արժույթի նշանակալի թուլացման: Իմ կարծիքով՝ կարելի է ենթադրել, որ ավելի հավանական է եվրոգոտուց նրանց դուրս գալը: Չի կարելի բացառել, որ դա կարող է պատահել հաջորդ կես տարվա մեջ»,- ասել է նա:
Բորգը դեմ է արտահայտվել Հունաստանի պարտքերի դուրսգրմանը: Նրա խոսքով՝ վարկերի դուրսգրումը դժգոհություն կառաջացնի մի շարք երկրների (Ֆինլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) բնակիչների մոտ, որոնց վստահեցրել էին, թե իրենց գումարները պարտքով են տրվում, և որը անվտանգ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-14-ը Տոկիոյում տեղի են ունենում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խորհուրդների տարեկան ժողովները:
Civilnet











