Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։
«Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։
Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, «արհեստական վիհ է առաջացնում հասարակության մեջ»:
«Այս օրինագիծը ծառայում է ոչ թե թափանցիկությանը, այլ այն երկրների դիվայնացմանը, որոնք տասնամյակներ շարունակ աջակցել են մեր վերափոխումներին դեպի ժողովրդավարական և զարգացած պետություն [և] մինչ օրս մնում են մեր ինքնիշխանության և անվտանգության երաշխավորները»,- ասվում է հայտարարության մեջ։
Թբիլիսիի կենտրոնը կաթվածահար է
Google Maps-ի երթևեկության տվյալները ցույց են տալիս, թե որքանով է արգելափակվել երթևեկությունը Թբիլիսիի կենտրոնական մայրուղիներում, քանի որ բողոքի մեծ երթերը շարունակում են համախմբվել:
Ցուցարարները հավաքվել են Եվրոպայի հրապարակում
Կուր գետի երկու ափերի երկայնքով մայրուղիները արգելափակվել են, քանի որ տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Եվրոպայի հրապարակում։
Ընդդիմադիրները պահանջում են օրինագծի անհապաղ հետկանչ
Ընդդիմադիր յոթ խոշոր կուսակցություն՝ «Միացյալ ազգային շարժում», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Լելո», «Գիրչի», «Դրոա», «Ահալի» և «Հանրապետական» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ չեն ընդունի «կոսմետիկ փոփոխություններն» օտարերկրյա գործակալների օրինագծում՝ հաշվի առնելով իշխող կուսակցության առաջնորդների վերջին մեկնաբանությունները։
«[Իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա] Իվանիշվիլիի՝ ռուսական այս նախաձեռնության պատճառով մեր հասարակության մի մեծ մաս ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական տեռորի [...] ոչ միայն պետության մոբիլիզացված հանցավոր խմբավորումների, այլև ոստիկանության կողմից»։
«Իվանիշվիլին քաղաքական ռեպրեսիան դարձրել է մարդկանց առօրյա կյանքի մաս. Վրաստանի միջազգային իմիջն արդեն լրջորեն տուժել է. մեր եվրոպական և եվրատլանտյան ապագան հարվածի տակ է, ուստի մենք՝ դեմոկրատական ընդդիմությունը, չենք ընդունի ռուսական օրենքի գեղեցկացված տարբերակը։ Այս օրինագիծը չի կարող բարելավվել, և պետք է անվերապահորեն չեղյալ հայտարարվի»,- ասված է հայտարարության մեջ։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել են, որ օրինագիծն ընդունելուց հետո փոփոխելու հնարավորություն կլինի, եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դնի դրա վրա, ինչի մասին նախագահն ավելի հայտարարել էր:
Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել
Թբիլիսիի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել՝ հայտարարելով, որ հաջորդ շաբաթվանից դադարեցնում են դասերի հաճախելը։
«Մենք որոշել ենք երկուշաբթի օրվանից լսարան չմտնել։ Մենք ժամը 09:00-ից կանգնելու ենք Ռուսթավելիի վրա և դեմ ենք լինելու պուտինիստական բռնապետությունը օրենսդրական մակարդակով օրինականացնելու փորձին»։
«Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիի փողոցներում խաղաղ ցույցերի դեմ անօրինական և դաժան արշավանը դարձել են մշտական և դաժան,- ասում են ուսանողները։- Կառավարության վարձու հրոսակները դարանակալում, հարձակվում և վնաս են հասցնում իրենց քաղաքական հակառակորդներին նրանց տների մոտ։ Նրանք ահաբեկում են բոլորին, ովքեր համաձայն չեն ռեժիմի ռուսական քաղաքականությանը»։
Ուսանողները մյուս բուհերի դասախոսներին և ուսանողներին կոչ են արել միավորել ջանքերը՝ ընդդիմանալու օրենքի նախագծին։
«Վրաստանը Ռուսաստան չի դառնա»
Արհմիությունները ևս միացել են օտարերկրյա գործակալների օրենքի դեմ շարժմանը։
Գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության աշխատողների աշխատավորական արհմիությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, որ պատրաստվում է «զանգվածային համընդհանուր գործադուլի»։
«Սա համարեք նախազգուշացում», - ասաց միության խոսնակը։
Նրանք հայտարարեցին, որ արհմիությունը դեմ է օրենքի նախագծին, և այլ ոլորտների աշխատողներին կոչ արեցին միավորվել և «վերջ տալ խելագարությանը, որը տեղի է ունենում Վրաստանում»։
«Մենք եվրոպական ապագա ենք ուզում»,- ասացին նրանք։
Civilnet











