Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի․ այսպիսի հայտարարություն արեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։ Մելիքյանը ներկայացրեց նախկին դիվանագետների խմբի՝ «Դիվանագետների համահայկական խորհրդի» մշակած տեքստը։
1. Սահմանազատում և սահմանագծում
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում սկսված գործընթացն առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցն Իլհամ Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։
Միևնույն ժամանակ, անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, և ռազմական հերթական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին։ Այլևս հստակ է, որ չկան իրական բանակցություններ, և գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով։ Ավելին, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանազատում և սահմանագծում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակիորեն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը։ Նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական և հակասահմանադրական։
- Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը։ Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու գործընթաց։ Առաջինը՝ 1928-1929 թթ. երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է։ Երկրորդը՝ 1984-1987 թթ. հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները,
Մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք, իսկ ներքին օպերացիոն օգտագործման համար ստեղծված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները՝ առավել ևս ։
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի (որպես օրինակ՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովի վրացական կողմի ներկայացուցիչները ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ սխալ սահմանագծում իրականացնելու համար)։
Տավուշում ներկայիս սահմանազատման և սահմանագծման գործընթացում կոպտորեն խախտվում են նաև ԵԱՀԿ կողմից ընդունված սահմանագծման սկզբունքները, որոնցով առաջնային կարևորություն է տրվում բնակչության կենսաապահովմանը, տրանսպորտային և այլ կարևորագույն ենթակառուցվածքների անընդհատելիությանը։
Այլևս որևէ կասկած չի հարուցում, որ միակողմանի զիջումների նման քաղաքականությունը տարածվելու է նաև հայ-ադրբեջանական ողջ սահմանով։ Հանձնելով կենսական նշանակություն ունեցող պաշտպանական դիրքերն՝ էլ ավելի է թուլանալու մեր պաշտպանունակությունը։ Հետևաբար պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը:
Սահմանազատման և սահմանագծման համար առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն, ինչը պարտադիր պետք է վավերացված լինի երկու խորհրդարանների կողմից։ Եթե այդ գործընթացի արդյունքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուստի, եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացն անօրինական է և հակասահմանադրական։
2. Խաղաղության օրակարգ
Նախ արձանագրենք` ի՞նչ ունենք ներկա դրությամբ.
- Սպառնալիքի տակ ընթացող այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման ներկայիս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստանալու է ամեն ինչ՝ դիմացը չտալով ոչինչ,
- Միակողմանի զիջումների պարագայում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ (միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում և այլն)։ Ադրբեջանը հրահրելու է տեղային նոր սադրանքներ՝ հայկական բնակավայրերի վրա հոգեբանական ճնշումներով, լոկալ ընդհարումների միջոցով վախի մթնոլորտ ստեղծելով, ինչպես նաև ճանապարհների ու հաղորդակցության այլ ուղիների աշխատանքները խափանելով։ Հետևաբար, յուրաքանչյուր նոր փուլում Հայաստանը հայտնվելու է ավելի թույլ վիճակում և դարձյալ կանգնելու է «զիջենք, որ պատերազմ չլինի» ծայրահեղ վտանգավոր ու կեղծ պատճառաբանության առջև։ Եվ այս թեզը հնչեցվում է մի իշխանության կողմից, որի օրոք հայ ժողովուրդը տեսել է առնվազն չորս պատերազմ (2020-2023թթ.), տվել է բազմահազար զոհեր, անցել է կորուստների և նվաստացման ճանապարհով։
- Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը և իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում և ոչ կենսունակ պետության վերածվելու կացության մեջ։ Ավելին, օրվա իշխանությունը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով՝ փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայությունը և ուղղակիորեն սպասարկում է բաքվի իշխանությունների թելադրած օրակարգը։ Ներկա պայմաններում պատերազմը կարող է սկսվել միայն օրվա իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության դեպքում:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը.
- Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետը աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցություններն են բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով։ Նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը, Հայաստանի նոր իշխանությունն՝ ի դեմս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա առկա իրավիճակին և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից: Միաժամանակ, հանձնառու լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորություններին և առաջնորդվելով Հայաստանի անվտանգության առաջնահերթություններով, ներգրավվելու է կառուցողական և փոխշահավետ բանակցություններում:
- Իրականացնել արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ զսպման ճկուն քաղաքականության որդեգրմամբ։
- Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերն ու դիրքավորումները՝ աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:
Օրվա վարչախումբը զուրկ է Հայաստանին այնքան անհրաժեշտ խոհեմության, կոմպետենտության, համարձակության, ռացիոնալության որակներից։ Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում։ Ազգային շահերի հայեցակարգը չի ենթադրում շինծու խաղաղություն, ոչ էլ պատերազմի անխուսափելիություն։ Ընդհակառակը, այն ենթադրում է հակամարտող շահերի մշտական կարգավորում՝ դիվանագիտական ողջ գործիքակազմով։
Մենք պետք է հստակեցնենք մեր ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության հիմքերը։ Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և համագործակցությունն ուժային մյուս կարևոր կենտրոնների հետ։
Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականության նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհ պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխությունը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդնությունն ու ակտիվ դերակատարությունը։
Հայ ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հասնելու ներքին հաշտեցման, համախմբվածության և միասնականության, ինչն էապես կնպաստի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը:
Civilnet











