Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու որոշմանը․ Փաշինյան

Սպասում ենք Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը։ Այդ մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը մայիսի 14-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա սպասում ենք Եվրամիության՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը»,- նշել է Փաշինյանը:
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այժմ Հայաստանը բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով՝ անվտանգության դաշտում Հայաստանը համագործակցում է Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրերի հետ․ «Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը․ «Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից էլ՝ այն նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Առաջին անգամ է, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ ներգրավվում է Հայաստանի անվտանգային օրակարգում»:
Փաշինյանը հույս է հայտնել, որ նաև կմեկնարկեն ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները։ Նա հիշեցրել է նախորդ տարի Եվրախորհրդարանում իր ելույթում հնչեցրած միտքը՝ Հայաստանը պաստրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։
Հարցին՝ եթե երազանք պահելու լիներ, ե՞րբ կցանկանար, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Այս տարի»։
Խաղաղության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է 2021-ին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Ապրիլի կեսերին լրատվամիջոցները գրեցին, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին այս հիմնադրամից, բայց Հունգարիան արգելափակել է որոշումը։
Civilnet










