Գլխավոր Լրահոս

Օսկանյանը մտահոգ է, որ օտարերկրյա ներդրումները կտրուկ անկում են ունեցել

Օսկանյանը մտահոգ է, որ օտարերկրյա ներդրումները կտրուկ անկում են ունեցել

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է արել Հայաստանում օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող գործոնների մասին: Գրառումը ներկայացված է ստորև:

Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: 2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս: Ցանկացած ներդրող՝ օտար, թե տեղացի, որոշում կայացնելիս բնականաբար դիտարկում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, գնաճ, արտաքին առևտրի հաշվեկշիռ, պետական պարտք և այլն: Անխուսափելիորեն հաշվի է առնվում նաև ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների կիրառումն ու հարգումը՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ և սեփականության անձեռնմխելիություն:

Բայց կան նաև զուտ տնտեսագիտությունից դուրս գործոններ, որոնք էապես ազդում են ներդրողների որոշումների վրա: Վերջերս Սիրիայից ժամանած հաջողակ, լուրջ նյութական միջոցներ և արտադրության ոլորտում գիտելիք ունեցող մարդկանց հետ էի զրուցում: Չնայած նրանց հնարավորություններին և Հայաստանում ներդրում անելու ցանկությանը, նրանք շատ լուրջ մտահոգություններ և վերապահումներ ունեն, որոնք մեծ հաշվով կարելի է ամփոփել հետևյալ չորս կետերով:

1. Հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ. երկրի ապագայի նկատմամբ հույսն ու վստահությունը ոչ միայն անհրաժեշտ են ներդրումների, այլև՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու համար: Այս հույսի ներշնչումը պետք է գա առաջին հերթին իշխանության գլուխ կանգնածներից, նրանց խոսքով և գործով: Պետք է գա նաև քաղաքական համակարգից, որը պետք է ունենա հակակշիռների անհրաժեշտ մեխանիզմը և երկրի զարգացման ու հեռանկարների և այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը: Դա այսօր իսպառ բացակայում է:

2. Անորոշություններ. որոշակիությունը և տնտեսությունից ներդրողի ու սպառողի ակնկալիքները տնտեսության խթանման ամենակարևոր գործոնն են: Այդ առումով և՛ օրենսդրական դաշտը, և՛ ակնկալիքները խիստ մշուշոտ են: Միայն հարկային և մաքսային օրենսդրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ փոփոխվում է, և խոսակցությունները հետագա փոփոխությունների մասին երբեք չեն դադարում: Ներդրումներին լրջորեն խանգարում է նաև դրամի փոխարժեքի անորոշ վարքագիծը:

3. Արդարություն. ցանկացած ներդրող այսօր լուրջ մտահոգություն ունի, որ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, հատկապես եթե դա ինչ-որ մեկի հետ է, որն ունի քաղաքական լծակներ, չի կարող վստահ լինել արդարադատության հարցում: Այստեղ լուրջ մտահոգություն կա նաև խտրական արդարադատության առումով, երբ առանց իրավական հիմնավորումների պետական մարմիններն օգտագործվում են ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

4. Խաղաղություն և կայունություն. այս հարցը բնականաբար բոլորի մտքում կա: Այսօր ավելի, քան երբևէ սա ներդրումների համար լուրջ խոչընդոտ է: Ադրբեջանը անվերապահորեն զինվում է, խստացրել է ռազմական հռետորաբանությունը, շփման գծում զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, իսկ բանակցային գործընթացը մտել է լուրջ փակուղի:

Ահավասիկ, ես կարծում եմ, որ այս գործոններին պետք է նույնքան ուշադրություն դարձնել, որքան տնտեսական ցուցանիշներին, որովհետև սովորական քաղաքացու առօրյա խոսակցության թեմաները սրանք են, քան ժողովրդի մեծամասնությանը անհասանելի և հաճախ անընկալելի մակրոտնտեսական ցուցանիշներն ու վերլուծությունները:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում