Գլխավոր Լրահոս

Մանկատները և ծերանոցները սննդամթերքը շուկայականից թանկ են ձեռք բերել

Մանկատները և ծերանոցները սննդամթերքը շուկայականից թանկ են ձեռք բերել

Որոշ մանկատներ և ծերանոցներ պետգնումներով սնունդը ձեռք են բերել շուկայականը երկու անգամ գերազանցող գնով։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), պետական գնումների շրջանակում կատարելով հերթական ուսումնասիրությունը, հայտնաբերել է, որ հանրապետության տարածքում գործող 11 հաստատությունների կողմից, որից ութ մանկատներ, ապրանքների գնման նպատակով հայտարարված մրցութային փաթեթներում եղել են մի շարք խնդիրներ. դրանց մեծ մասը վերաբերում է գնումների գործընթացին։

Այսօր ՏՄՊՊՀ-ում ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպքեր, երբ երկու տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 1կգ-ը 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամով գնով:

ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են եղել իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ:

Տեղեկացնենք նաև, որ ձեռքբերման փաստաթղթերից պարզ չէ, թե հատկապես ինչ տեսակի սնունդ կամ տնտեսական ապրանք է գնվել: Օրինակ, նշված է, որ գնվել է ձեթ, կամ կաթնամթերք, սակայն նշված սննդամթերքների տեսականին թե՛ գնային և թե՛ որակական առումով շուկայում խիստ բազմազան է:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սահմանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են շուկայականից բարձր գներով և արդյունքում տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:

Նա նշեց, որ հինգ ընկերությունների նկատմամբ հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում