Գլխավոր Լրահոս

Վրաստանում Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ կրքերն ավելի են թեժանում

Վրաստանում Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ կրքերն ավելի են թեժանում

Նյութը պատրաստվել է OC Media-ի լայվ բլոգի հիման վրա։

Ցուցարարները փակել են Հերոսների հրապարակը՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող գլխավոր խաչմերուկը։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Վրաստանում իրավիճակը մնում է լարված այն բանից հետո, երբ խորհրդարանը երեքշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների՝ կարող է օգտագործվել քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Երկրում ստեղծված իրավիճակի, երկրի ներքին գործերին միջամտելու համար վրացի և օտարերկրյա տարբեր պաշտոնյաներ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։ Միևնույն ժամանակ մի քանի լրագրող է ազատվել աշխատանքից ոստիկանական բռնությունները դատապարտելու համար, ձերբակալվել է երկու ցուցարար, որոնց մինչև վեց տարվա ազատազրկում է սպասվում։ Վրաստանում հակակառավարական ցույցերին միացել են Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները, ինչը պաշտոնական Թբիլիսին որակել է թշնամական քայլ։ 

Փոխադարձ մեղադրանքներ

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին, որը Ռոթին և արևմտյան, մասնավորապես՝ մերձբալթյան երկրների քաղաքական գործիչներին մեղադրել էր ռուսական «աշխարհայացք» ունենալու մեջ։ Ռոթը Պապուաշվիլիին կոչ է արել լսել Վրաստանի քաղաքացիների ձայնը, խոսել նրանց հետ, ովքեր ցույց են անում հանուն եվրոպական արժեքների։

Դրանից ժամեր առաջ Ռոթը քննադատել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մասնավորապես նրա այն հայտարարության համար, թե ինքը ցանկանում է «գտնել Վրաստանի կառավարության օրինական մտահոգությունները լուծելու լավագույն միջոցը»: «Մենք չպետք է օգնենք «Վրացական մղձավանջին» [նկատի ունի «Վրացական երազանք» կուսակցությունը] «փոփոխելու» «օտարերկրյա գործակալների օրենքը», որպեսզի շարունակի լիբերալ ժողովրդավարության ոչնչացումը»,- ասել էր նա։ 

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Telegram-ում գրել է, որ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների ակտիվ մասնակցությունը Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ երեքշաբթի տեղի ունեցած բողոքի ակցիային, միջամտություն է Վրաստանի ներքին գործերին։ Կոսաչովը նրանց մասնակցությունը համեմատել է ուկրաինական Մայդանի ցույցերին այն ժամանակվա ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի ներկայության հետ։

«Երկրները փոխվում են, բայց մեթոդները մնում են նույնը՝ լիակատար արհամարհանք այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնց վրա փորձեր են կատարում և անխոհեմ միջամտություն ամբողջ աշխարհի աչքի առաջ,- գրել է նա։- Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենսդրական կարգավորումը հրամայական է ցանկացած պետության համար, որը պաշտպանում է իր սահմանադրությունը և իր ժողովրդին դրսից հովանավորվող հեղաշրջումներից»:

Հատուկ քննչական ծառայությունը՝ ճնշման տակ

Ընդդիմադիր երկու պատգամավոր՝ Խատիա Դեկանոիձեն և Թամար Կորձայան, դիմել են Վրաստանի Հատուկ քննչական ծառայության ղեկավարին՝ պահանջելով հանրությանը տեղեկացնել վերջին շաբաթներին ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների վերաբերյալ հետաքննության մասին։

Երկու պատգամավորներն էլ զգուշացրել են, որ իրենք անձամբ են հետաքննել ոստիկանների չարաշահումների դեպքերը, այդ թվում՝ ոստիկանության կողմից հակառուսական ակտիվիստ Դավիթ Կացարավայի ծեծի մասին հաղորդումը, որը նրանք որակել են որպես «խոշտանգում», որպեսզի ներկայացնեն միջազգային խմբերին՝ այդ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

Օրենսդիրները նաև դժգոհել են, որ Ներքին գործերի նախարարությունը չի հայտնել, թե արդյոք հայտնաբերել են դիմակավորված անձանցից որևէ մեկին, որոնք հարձակվել են կառավարությանը քննադատող քաղաքացիների վրա վերջին շաբաթներին:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է երեքշաբթի տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ արված մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են ցուցարարները ճեղքում խորհրդարանի դիմաց գտնվող մետաղյա պատնեշը։

Նախարարությունը նշել է, որ տեսանյութում ներկայացված երկու անձինք ձերբակալվել են իրենց գործողությունների համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց վեց տարվա ազատազրկում է սպառնում։

Լրագրողներին ազատում են աշխատանքից

Անցած օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունները դատապարտելու և առհասարակ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու համար աշխատանքից ազատվել է իշխանամետ PosTV հեռուստաընկերության հաղորդավարուհի Անա Ամիլախվարին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն աշխատանքից ազատել են Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարների նկատմամբ բռնությունը դատապարտող գրառման համար, որը նա արել է երկու շաբաթ առաջ։

«[Գրառումն անելուց հետո] հաստատ գիտեի, որ շուտով ինձ կզանգահարեն, այդպիսի նախադեպ արդեն ունեցել եմ (նշել էի քաղաքապետարանին ու [Թբիլիսիի քաղաքապետ Կախա] Կալաձեին, և ինձ ստիպեցին հեռացնել գրառումը),- գրել է նա։- Մի փոքր սպասեցի, և այնքան արագ զանգեցին, որ ես ծիծաղեցի անգամ։ Ինձ շատ քաղաքավարի և բարեհամբույր բացատրեցին, որ իրենց դիրքորոշումից տարբերվող տեսակետ ունեցող մարդը չի կարող աշխատել այս հեռուստաալիքում։ Ընդունելի չէ անգամ մարդկային դիրքորոշումը»։ Նա նաև նշել է, որ PosTV-ն մի քանի այլ աշխատակիցների հետ ևս դադարեցրել է համագործակցությունը։

Նույն ալիքով հեռարձակվող ժամանցային մեկ այլ հաղորդման վարող, հայտնի երգչուհի և դաշնակահարուհի Իրմա Սոխաձեն Formula հեռուստաընկերությանն ասել է, որ անձամբ է նախաձեռնել իր հաղորդման դադարեցումը, քանի որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո չէր կարող վարել այն։ Նա հավելել է, որ չգիտի՝ արդյոք հաղորդման հեռարձակումը հետագայում կվերսկսվի, թե ոչ։ Ըստ Formula-ի՝ Սոխաձեն նախկինում քննադատել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը և կառավարության գործողությունները։

Իվանիշվիլիի կինն աջակցում է ամուսնուն

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, արձագանքելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը վերանայելու վերաբերյալ ամուսնուն ուղղված կոչերին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լիովին աջակցում է օրենքն ընդունելու ամուսնու ջանքերին, կանգնած է նրա կողքին և «լիովին կիսում է նրա տեսակետները»։ Նա նաև նշել է, որ հասարակությունը «պառակտվել» է օրենքի շուրջ, քանի որ այն «սխալ է մեկնաբանվել»։

Եկատերինա Խվեդելիձեն հազվադեպ է հրապարակայնորեն հանդես գալիս, եթե, իհարկե երբևէ արել է նման բան 2011-ից ի վեր, երբ Իվանիշվիլին հայտնվեց ուշադրության կենտրոնում քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ իր մտադրության մասին հայտարարությունից հետո:

Ի՞նչ է սպասվում օրենքին

Խորհրդարանն օտարերկրյա գործակալների մասին օրենքն արդեն ներկայացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հաստատմանը։ Զուրաբիշվիլին երկու շաբաթ ունի այն հաստատելու կամ «ողջամիտ դիտողություններով» խորհրդարան վերադարձնելու համար, որից հետո խորհրդարանը կարող է մերժել նրա դիտողությունները և հաստատել այն պարզ մեծամասնությամբ։

Նախագահ Զուրաբիշվիլին, սակայն, հայտարարել է, որ վետո կկիրառի օրենքի նկատմամբ և մտադիր չէ այս հարցում համագործակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։ Իշխող կուսակցության պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, թե կարող են փոփոխել օրենքը՝ հաշվի առնելով դրա վերաբերյալ նախագահի վերաբերմունքը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում