Գլխավոր Լրահոս

Մեկ տարում՝ 5300 կմ երկաթգիծ․ Հնդկաստանը արագ վերափոխվում է երկաթուղաշինությամբ 

Մեկ տարում՝ 5300 կմ երկաթգիծ․ Հնդկաստանը արագ վերափոխվում է երկաթուղաշինությամբ 

Հնդկաստանում միայն վերջին տարում կառուցվել է 5300 կմ երկաթուղային ցանց, իսկ անցած տասը տարում՝ 31 000 կմ երկաթուղի, որը հավասար է Գերմանիայի երկաթուղային ողջ ցանցին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի երկաթուղիների, կապի և ՏՏ հարցերով նախարար Աշվինի Վայշնաուն։ 

Ինչպես հաղորդում է հնդկական NDTV-ն, Վայշնաուն Մումբայում կայացած միջոցառմանը ներկայացրել է Հնդկաստանում երկաթուղու զարգացման ռազմավարական ծրագիրը վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարման տասը տարիներին։ 

Նախարարը նշել է, որ նախկինում երկաթուղու նկատմամբ մոտեցումը եղել է որպես «կթու կովի», մինչդեռ այժմ այն դարձել է վերափոխումների շարժիչը։

«Այսօր երկրում օրական 4 կմ երկաթուղի է կառուցվում։ Միայն վերջին ֆինանսական տարում մենք կառուցել ենք 5300 կմ երկաթուղային ցանց, որը հավասար է Շվեյցարիայի ամբողջ երկաթուղային ցանցին, իսկ անցած տասը տարում կառուցվել է 31000 կմ երկաթուղի, որը հավասար է Գերմանիայի երկաթուղային ողջ ցանցին»,- ասել է նախարարը։

Մոդիի կառավարության տասը տարիներին Հնդկաստանում էլեկտրաֆիկացվել է 44000 կմ երկաթուղային ցանց, մինչդեռ Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության կառավարման 60 տարիների ընթացքում էլեկտրաֆիկացվել է ընդամենը 20000 կմ երկաթուղի:

«Այսօր մենք գնում ենք դեպի 100 տոկոսանոց էլեկտրաֆիկացում»,- ասել է նախարարը՝  հավելելով, որ երկաթուղին, չնայած լինելով ամենամեծ հասարակական փոխադրողը, անհույս վիճակում էր՝ նախորդ կառավարության անտարբերության պատճառով:

Նախարարը ներկայացրել է նաև Հնդկաստանի ներկա կառավարության օրոք երկաթուղային կայարանների վերանորոգման և սեփական արտադրության ժամանակակից գնացքների գործարկումը։ Ըստ նրա՝ երկրով մեկ ընթացքի մեջ է ավելի քան 300 երկաթուղային կայարանների վերակառուցումը․ միայն Մահարաշտրա նահանգում՝ 120 կայարան: «Շիվաջի Մահարաջ երկաթուղային կայարանը գերժամանակակից մոդելների օրինակ է»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ Vande Bharat և Bullet արագընթաց գնացքները կառավարության ուշադրության և հետևողական աշխատանքի արդյունքն են՝ երկաթուղին դարձնելու երկրի զարգացման և աճի հիմնական  շարժիչներից մեկը:

Հնդկական Vande Bharat Express գնացքը։

Նա ասել է, որ Bullet գնացքները, որոնք Մահարաշտրա և Գուջարաթ նահանգների միջև ութ քաղաք են կապում, աննախադեպ զարգացում կբերեն տարածաշրջանին, իսկ հայրենական Vande Bharat գնացքներն ամբողջովին կվերափոխեն քաղաքացիների ճանապարհորդության որակը:

«Մոդիի կառավարությունն անկեղծ ջանքեր է գործադրել տեղում զարգացնելու Vande Bharat գնացքները, այլ ոչ թե ներմուծելու ժամանակակից գնացքներ զարգացած երկրներից»,- ասել է նա:

Նա նշել է, որ Vande Metro-ի ծրագիրն ընդգրկված է Մոդիի կառավարության երրորդ ժամկետի առաջին 100-օրյա ծրագրում, և առաջիկա մի քանի տարիներին երկրում տրանսֆորմացիոն փոփոխություններ կլինեն Vande Bharat գնացքների առաջին շարքի թողարկումից հետո:

«Vande Metro-ն (միացնում է երկու քաղաք), Vande Chair Car-ը (մինչև 500 կմ հեռավորությունների համար) և Vande Sleeper-ը (500 կմ-ից ավելի երկարությունների համար) կնպաստեն ճանապարհորդության որակի բարելավմանը, իսկ տոմսերի համար հերթերը կվերանան»,- ասել է նախարարը:

Աշվինի Վայշնաուն նաև հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստվում է դառնալ  կիսահաղորդիչների արտադրության և հեռահաղորդակցական ծառայությունների գլոբալ կենտրոն, և առաջիկա տարիներին մեծ վերափոխումներ կլինեն նաև այդ առումով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում