«Աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ ապրում են իրենց հայրենիքից դուրս: Բայց հայերի պարագայում այդ իրավիճակը ազատ ընտրության և ավելի լավ կյանք փնտրելու պատճառով չի ստեղծվել: Հայերն այլ երկրներում են հայտնվել ցեղասպանության և հայրենազրկման արդյունքում»,– երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Արա Աբրահամյանի Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին իր ելույթում:
Սերժ Սարգսյանն ընդունում է, որ Հայկական սփյուռքի առկայությունը Ցեղասպանության հետևանք է: Հետաքրքիր է, որ ընդհանրապես արտագաղթ երևույթը նա փաստացի պատճառաբանում է «ավելի լավ կյանք» փնտրելու հրամայականով:
Տարբեր գնահատականների համաձայն՝ Հայաստանը վերջին 5-6 տարիների ընթացքում ամեն օր մոտ 400 մարդ է լքում, ավելի պատկերավոր՝ ամեն օր՝ մեկ գյուղ: Այսինքն՝ երբ զանգվածաբար քաղաքացիները փախչում են քո երկրից, դա չի կարող բացատրվել միայն ավելի լավ ապրելու միտումով: Այս տեմպերը խոսում են այն մասին, որ քաղաքացիները Հայաստանը լքում են առհասարակ գոյատևելու համար:
Դարասկզբին Օսմանյան Թուրքիայից հայերը փախչում էին իրենց ֆիզիկական գոյությունը փրկելու համար: Պարզապես այն ժամանակ թուրքերը բիրտ միջոցներով ստիպում էին, որ հայերն իրենց բնօրրանը լքեն ոչ թե հարյուրներով կամ հազարներով, այլ հարյուր հազարներով՝ շատ կարճ ժամանակահատվածում: Իսկ ահա 21-րդ դարի սկզբին Հայաստանում պայմանները, համեմատած 20-րդ դարի սկզբների Թուրքիայի հետ, այնքան տանելի են, որ հայերը հեռանում են «ինքնակամ»: Բայց վերջնական արդյունքում՝ ինչպես դատարկվեց Արևմտյան Հայաստանը ընդամենը մի քանի տարվա ընթացքում, այդպես էլ դատարկվում է Արևելյան Հայաստանը: Սա ընդամենը մի քանի տասնամյակի հարց է, եթե դրա դեմը չառնվի:
Այստեղ բնավ էլ կարևոր չէ՝ ինչի հետևանքով է դատարկվում՝ սև ցեղասպանության, թե սպիտակ: Կարևորն այն է, որ հայերը կրկին հայրենազրկվում են, այս անգամ, որքան էլ ցավալի է, սեփական կամքով և հայրենի իշխանությունների պարտադրանքով:
Հայաստանի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա՝ նախագահից մինչև նախարար և գերատեսչությունների ղեկավարներ, պատասխանատու են յուրաքանչյուր արտագաղթողի որոշման համար: Այդ բոլոր պաշտոնյաներին հարց պետք է տրվի՝ քանի՞ հոգի է արտագաղթում անձամբ ձեր կամ ձեր այս կամ այն հարազատի, ընկերոջ կամ հովանավորյալի յուրաքանչյուր ապօրինությունից հետո:
Սև ու սպիտակ արտագաղթ
Թեմա











