Գլխավոր Լրահոս

Լեգիտիմ մեռելների երկիրը

Դեռ ուսանողական տարիներից միշտ այն զգացումն եմ ունեցել, որ այս երկիրը կառավարում են ընկալման խնդիրներ ունեցողները: Նրանք նույնիսկ հատուկ բառեր ունեն՝ ազգ, երկիր, հանուն Հայրենիքի, որոնք սրում են իմ զգացումը: 1995թ. Սահմանադրության հանրաքվեից հետո, երբ արդեն ուսանող չէի, հասկացա, որ լինելու է ավելի վատ, որովհետև մեզ միշտ կառավարելու են քաղքենիները:

Ովքե՞ր են նրանք: Քաղքենիները մարդիկ են, որոնք ուղնուծուծով «սահմանադրական» մի հասկացություն են ճանաչում՝ սեփական հարմարավետությունը: Դիցուք, մարդու իրավունքները իմաստ ունեն, եթե դրանք նախ իր իրավունքներն են: Մեր չինովնիկական դասը զուտ քաղքենիական է, այդ դասի յուրաքանչյուր մարդ անձամբ է ջանացել, որ Սերժ Սարգսյանին դարձնի նախագահ, նույնքան անձամբ կրակել է նրանց վրա, ովքեր չեն ընկալել այդպիսի ջանքը: Այդպիսով (դիմում եմ քաղքենուն) ընտրությանը կասկածողներին դարձնելով թշնամիներ՝ նրանց մեջ սրսկել եք լեգիտիմ մեռել լինելու արճիճը:

Ձեզանից յուրաքանչյուրը գիտի, որ король то не настоящий: Ձեզ սարսափեցնում է Սերժ Սարգսյանի նախատինքը կամ զայրույթը, որովհետև դուք նրան համարում եք hանրապետության նախագահ: Բայց դուք հենց այն մարդիկ եք, որոնք գիտեն ինձանից և շարքային ցանկացած ընտրողից ավելի, որ նա երբեք էլ նախագահ չի ընտրվել, որ 1996-ից ի վեր երկիրը միշտ եղել է անարխիայի և կանոնավորության եզրագծին, որ դուք խաղացել եք ձեր տագնապները՝ ենթարկվելով ձեզ պաշտոններ նշանակողներին, և որ 1996-ից մինչև այսօր այս երկրում որևէ լեգիտիմ օրգան չի եղել և չկա: Ձեզ համար խաղի կանոնը Սերժ Սարգսյանի նախագահ լինելը չէ, քաղքենու խաղի կանոնն ինքն է, հետևաբար՝ ձեզ համար խաղի կանոնները ձեր հարմարավետությունն է: Այսինքն՝ դուք կեղծել եք բոլոր ընտրությունները ունենալու համար մի իրականություն, որում ոչ ոք մարդահաշիվ չէ: Ձեզ համար Հայաստանի Հանրապետությունը նույնքան կեղծ է, որքան այս երկրի դեղերը, ոգելից խմիչքները: Որքան կեղծ է երեխան, որը ձերը չէ, որքան կեղծ է Մասիսը, որի դիմաց հայրենասեր եք: Որքան կեղծ է երկրի նախագահը, քանի որ նրան ազատել եք մյուսների նման մարդ լինելու ի բնե դրվածքից: Դուք գերազանց գիտեք, որ նույնիսկ լեգիտիմ նախագահը անհատի համար որևէ նշանակություն չունի, որ անհատի ամենալեգիտիմ կերպարը վագրն է, ծիտիկը, ծառը, քամին, մի խոսքով՝ բնությունը: Լեգիտիմ է իր սերմից ծնված երեխան, քարը տրաքի՝ եղբոր երեխան: Բայց հասկացությամբ պատճառաբանվող մարդը՝ նախագահը, խառատը, փիլիսոփան, բանաստեղծը լեգիտիմ չեն:

Լեգիտիմը դագաղագործն է կամ գերեզմանափորը, քանի որ նրանց աշխատանքից կոնկրետ օգուտ կա: Անխուսափելի է դագաղ կամ գերեզման մտնելու մեր «կոչումը»: Իսկ դրա համար անհրաժեշտ են դագաղագործներ և գերեզմանափորներ: Վատ դագաղագործը նույնքան լեգիտիմ է, որքան լավ դագաղագործը, որովհետև երկուսն էլ համեմատվում են իրենց հնարավորությունների առավելագույնի մեջ: Վատ դագաղագործը հենման կետ ունի հանձին լավի, նա ուրիշի կողմը նայելու աչք ունի: Ուրիշից սովորելու բան ունի, հիանալու բան ունի, ուրիշով իր կյանքը լավացնելու խթան ունի: Ո՞ւմ կողմն եք նայելու դուք, ո՞ր լավ նախարարի, ո՞ր լավ նախագահի, լավ վարչապետի, լավ օլիգարխի կողմը պիտի նայեք դուք: Դուք հենման կետ չունեք, որովհետև ձեր հոգիներում ապոկալիպսիս է, դուք ապրում եք վերջին կամ միակ օրվա տրամաբանությամբ, հանկարծ որևէ մեկը ձեզնից չխլի այդ միակ օրը: Դուք ձեր առանցքն եք, որտեղից դուրս եք շպրտել բոլորին: Ձեզանով իրենց կարող են պատճառաբանել միայն դագաղագործն ու գերեզմանափորը: Եվ եթե անգամ նրանք ձեր մեջ ճանաչեն մի մեռելի, որը չի էլ ապրել, դրանից մեռելն իր լեգիտիմությունը չի կորցնում: Նա պետք է հուղարկավորվի: Ձեր Հայաստանը մարդախույս է, ահա ինչու այնտեղ իսկապես էլ ընտրություններին կարող են մասնակցել մեռելները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում