Լրատվամիջոցները պետք է պահանջեն, որ արհեստական բանականության (ԱԲ) ընկերությունները վճարեն իրենց, ասում է բրիտանական Financial Times (FT) խմբի գլխավոր տնօրեն Ջոն Ռիդինգը (John Ridding): FT-ն բրիտանական լրատվամիջոցներից առաջինն է, որն ապրիլին ռազմավարական գործընկերության պայմանագիր է ստրագրել OpenAI ընկերության հետ։ Դա ChatGPT-ին թույլ կտա FT-ին վերագրելի բովանդակություն գեներացնել, իսկ FT-ին հնարավորություն կընձեռի արհեստական բանականության գործիքներն ու նոր հնարավորությունները ներառել իր լրագրության մեջ և ընթացակարգերում։
Ռիդինգը մայիսի 27-ից 29-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Լրահրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի (World Association of News Publishers) կոնգրեսի գլխավոր բանախոսներից էր։ Գործընկերության արդյունքում ChatGPT-ի օգտատերերը կկարողանան ստանալ FT-ի հոդվածների ամփոփագրեր, մեջբերումներ և հղումներ FT-ի բովանդակությանը։
Այս տարվա սկզբին արդեն FT-ն դարձել է ChatGPT-ի հաճախորդը և ԱԲ-ի այս գործիքին հասանելիություն է ապահովել իր ամբողջ աշխատակազմի համար։
OpenAI-ի հետ գործարքի մասին Ռիդինգն ասաց, որ իրենք ցանկանում են առաջամարտիկ լինել ու միաժամանակ ավելի լավ հասկանալ ԱԲ-ի օգտագործման հնարավորություններն ու ազդեցությունը և ընդլայնել իրենց ընդհանուր հասանելիությունը․ «Կարևոր է հասկանալ, թե ինչպես են օգտատերերը փոխառնչվում ԱԲ-ի հետ»։
«Ինչպես թվային և բջջային հեղափոխությունների դեպքում, շարժական կամուրջ գցելը կամ ալիքը զսպելու փորձը հաջողության ռազմավարություն լինել չի կարող»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա լրատվամիջոցների համար վճռորոշ պահ է։ Ըստ նրա՝ լրատվամիջոցների համար ԱԲ-ի ռիսկերը նույնքան մեծ են, որքան հնարավորությունները։ Որպես հնարավորություն և որպես եկամուտների աղբյուր Ռիդինգը մատնանշեց ընթերցողների համար անհատականացված մոդելների մշակումը։
FT-ի ղեկավարի խոսքով՝ ԱԲ-ն հետաքննող լրագրողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռում «փաստաթղթերի սարերի» ու մեծ թվով տվյալների հետ աշխատելու առումով և էապես հեշտացնում է նրանց գործը։
Ռիդինգն ասում է, որ FT-ի նման հրատարակիչները, որոնք ունեն վստահելի, ճշգրիտ և մարդաստեղծ լրագրություն, կարող են լինել ուժեղ դիրքերում, քանի որ, չնայած ամեն տեսակի աղմուկին (hype), ԱԲ-ն շատ սխալներ է թույլ տալիս և թերանում, երբ փաստերին է առնչվում:
«ԱԲ-ն, ըստ ամենայնի, կշարունակի թերանալ, եթե իր ինքնակատարելագործման մեջ չօգտագործի հուսալի աղբյուրներ՝ օգտատերերի հարցումներով վստահելի արդյունքներ գեներացնելու համար»,- ասաց Ռիդինգը։
Ռիդինգի խոսքով՝ գեներատիվ ԱԲ-ն նման է շան, որն ուտում է իր պոչը․ «Եթե դա զարգանա այն ձևով, որ ԱԲ-ի մշակողներն են ցանկանում, երբ նրանք ըստ էության առանց որևէ փոխհատուցման սեփականացնում են մեր ամբողջ աշխատանքը, նրանք դրանով իսկ կփչացնեն լրատվական այն բովանդակությունը, որոնց վրա իրենց մոդելները զարգանում են»։
Ի՞նչ է սա նշանակում: Ռիդինգն ասում է՝ դա նշանակում է, որ լրատվական կազմակերպություններն ունեն լծակներ և պետք է պնդեն իրենց վճարել, և որ ԱԲ-ի հարթակների համար տրամաբանական և ռացիոնալ է վճարելը․ «Այնպես չէ, որ ԱԲ-ի մեծ ընկերությունները փողի խնդիր ունեն։ ԱԲ-ի հինգ խոշոր հարթակները, որ ընդամենը մի ենթախումբ են, 2024-ի առաջին եռամսյակում 80 մլրդ դոլարի շահույթ են ստացել՝ 30 տոկոսով ավելի, քան 2023-ին»: Համեմատության համար, ըստ նրա, որ աշխարհի լրատվամիջոցների համախառն եկամուտը անգամներով պակաս է։
«Այնպես որ՝ խելամիտ է և ճիշտ է, որ ԱԲ-ի հարթակների եկամուտների մի մասը ներդրվի ժուռնալիզմի մեջ, ինչը կբարելավի այդ հարթակների ծառայությունները։ Նա լրատվամիջոցների ու ԱԲ-ի հարթակների միջև առաջարկում է մի մոդել, որը կարող է աշխատել․ «Վերջնանպատակը կարող է լինել լրատվամիջոցների բովանդակության օգտագործման և եկամուտների համակարգված համապատասխանեցումը: Պատկերացրեք, եթե հրատարակիչները ունենան տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է իրենց նյութը նպաստել ԱԲ-ի հարցումների պատասխանների գեներացմաանը: Այդկերպ լրահրատարակիչների եկամուտների համակարգված հոսքի հիմք կստեղծվի: Կմեծացվեն հուսալի և օրիգինալ լրագրության խթանները: Տեղեկատվության դեգրադացիայի արատավոր շղթան կարող է կոտրվել»,- ասաց Ռիդինգը՝ նշելով, որ սա պատրանք չէ, այդ ուղղությամբ ինժեներներն ու ձեռներեցներն արդեն աշխատում են։
FT-ի ղեկավարի խոսքով՝ քաղաքականություն մշակողների և կարգավորող մարմինների համար դա կլինի սպառողամետ և շուկայահեն լուծում՝ մի բան, որը չի եղել տեխնոլոգիական և մեդիա ընկերությունների միջև վերջին տարիներին։ Դա, ըստ նրա, ԱԲ հարթակների և լրատվամիջոցների համար հիմք կդառնա մատուցանելու վստահելի տեղեկատվություն։
«Ես այդքան էլ միամիտ չեմ, որ ԱԲ հարթակների ու լրահրատարակիչների միջև նոր գործարքը, որը վերջիններին կանոնավոր վճարումներ կապահովի ԱԲ համակարգերի զարգացման և ինքնավերապատրաստման համար, կարող է լուծել տեղեկատվական էկոհամակարգի բոլոր խնդիրները: [...] Ուշադրություն որսալու համար դիփֆեյքերն ու սոցիալական մեդիայի օպտիմալացումը տարբեր և խորը արմատացած խնդիրներ են: Եվ ԱԲ հարթակների կողմից հետևանքների և ոչ թե պատճառների հասցեագրումը բավական չէ թունավոր ալիքը զսպելու համար»։
Ռիդինգի խոսքով՝ լրահրատարակիչների երկարատև այս դրաման կարող է լավ ու անգամ երջանիկ ավարտ ունենալ, եթե գլխավոր դերակատարները իրենց դերը խաղան ճիշտ և հենց հիմա։
Կարեն Հարությունյան, Կոպենհագեն
Civilnet











