Գլխավոր Լրահոս

Ընդհատակից հանե՛ք ԱՆԻՖ-ի մենեջերներին և ստիպե՛ք պատասխանել հարկատուների հարցերին 

Ընդհատակից հանե՛ք ԱՆԻՖ-ի մենեջերներին և ստիպե՛ք պատասխանել հարկատուների հարցերին 

Լևոն Խալաթյան

2019-ին ստեղծված և անցյալ ամիս լուծարված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի մսխումների մասին մեր հետաքննության մանրամասները հասան քննարկման կառավարությունում։

Օրերս ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հարց ուղղեց ԱՆԻՖ-ի աշխատավարձերի չափի մասին․ «Այդ ֆոնդում  աշխատավարձերի չափերը իրականությո՞ւն են, թե՞ ոչ։ Շատ կարևոր է, որ երբ պետությունը գնում է ամեն մի դրամի հետևից, դա չարվի ընտրողաբար»։ Թորոսյանը մտահոգություն հայտնեց՝ չլինի այնպես, որ «դե լավ, մի քանի միլիարդ դրամ մսխեցին, դե չստացվեց, անցավ գնաց»։

Տես նաև՝ Ինչպես է ԱՆԻՖ-ը փորձել հիմնավորել բարձր աշխատավարձերը ՊՎԾ-ի ստուգումների օրերին

Արսեն Թորոսյանը իշխող ուժի պատգամավոր է, և այս հարցադրումը վկայում է, որ նա իշխանության այն թևից չէ, որը գլխավորում էր Երևանի այսօրվա քաղաքապետը։ Չէ՞ որ հենց Ավինյանն էր այդ ֆոնդերի «կնքահայրը»։ Նա էր ակնհայտորեն կոծկում մենեջերների կամայականությունները և անպատասխանատվությունը, և, հետևաբար, բազմամիլիարդ վատնումները հիմնականում նրա պատասխանատվության տակ էին։

Թորոսյանը, խոսելով մամուլում հրապարակումների մասին, նկատի ուներ մեր հոդվածները, քանի որ ոչ ոք ԱՆԻՖ-ի աշխատավարձերի չափի թեման չի հետաքննել։

Ցավոք, Պապոյանի պատասխանը նման էր կենացի՝ «այս փոքր բաժակով, բայց մեծ սրտով» ոճով։ Նա սկզբից նկատեց, թե «եղել է հետաքննություն և, հավանաբար․ կլինի շարունակություն»։ Ոչ մի հստակ բան։ Թե բա «ոչ բոլոր պրոյեկտներն են ձախողվել, կան այնպիսինները, որ դեռ գնում են, և կան ներդրողներ, որոնք կարող է՝ ձեռք բերեն դրանք»։ Կրկին զրո հստակություն։

Աշխատավարձերի մասին Պապոյանը խոսեց անպատասխանատու ոճով՝ «այդ մասին հարցրեք ԱՆԻՖ-ին»։

Կարելի էր նախարարին հիշեցնել, որ նախ՝ ԱՆԻՖ-ը որևէ հարցի չի պատասխանում՝ չնայած, որ միլիոնանոց աշխատավարձով հասարակության հետ կապերի պատասխանատու ունի։ Երկրորդ՝ ԱՆԻՖ-ի մենեջերները կասկածվում են չարաշահումների և խարդախության մեջ, ինչպե՞ս նրանցից ճշմարիտ պատասխան սպասել։ Եվ երրորդ, Պապոյանին այդպես անհետաքրրի՞ր էր այդ թեման, որ տեղեկատվություն չի հավաքել և այդ մենեջերներին պատասխանատվության չի կանչել․ չէ՞ որ նրա ղեկաավարած նախարարությունը ուղղակի պատասխանատու է ԱՆԻՖ-ի գործունեության համար։

«Այդպիսի աշխատավարձեր չկան,- ասաց։- Այնտեղ միջին մենեջերական աշխատավարձեր են, 500 000-ից 1 միլիոն կամ մի փոքր ավելի, բայց ոչ միլիոններ»։

Սա արդեն պարզապես սուտ էր։

Միգուցե հարցնե՞ք տնօրենի տեղակալ Գրիգորյանին իր աշխատավարձի չափի և 2023-ի դեկտեմբերի պարգևվավճարի մասին։ Կամ խորհրդի անդամներ Նալբանդյանին և Դիլանյանին, որոնք աշխատանքային պարտականություններ չեն կատարում, այլ ընդամենը ժողովների են մասնակցում և նույնիսկ Հայաստանում չեն ապրում։

Կարող եք անհանգստացնել նաև պարոն Էվոյանին, որը բարձր պաշտոններ է զբաղեցնում և՛ ԱՆԻՖ-ում, և՛ նրա դուստր ARFI հիմնադրամում և ստանում է միլիոններ երկուսից էլ։ Ֆինանսական տնօրեն Մելքոնյանի մասին պարզապես ասենք, որ երկու ֆոնդերում այսպիսի աշխատավարձ ստանալուն զուգահեռ զբաղվել սեփական հարկային պրակտիկայով լուրջ տաղանդի նշան է։

Մենք՝ հարկատուներս, ԱՆԻՖ-ում պահում էինք 35 աշխատակից ու ևս 20-ը՝ նրա դուստր ARFI-ում և Ձ+Պ ֆոնդերում։ Արդյունքը՝ 12 միլիարդ դրամի կորուստ։ Իսկ նախարար Պապոյանը մտածում է, թե կարող է պատասխանի փոխարեն կենա՞ց ասել։

Կենացի վերջում նախարարը բազում բառեր ասաց թափանցիկության, համատեղ աշխատանքի, վստահության և համբերության մասին։

Թափանցիկություն չկա և չի եղել, Պապոյանը կարող էր շատ բան բացատրել, բայց չարեց։ Վստահություն էլ չկա։ 

Համատեղ աշխատա՞նք եք ուզում, տեղեկատվությունը հրապարակե՛ք, պատասխանատվության ենթարկե՛ք, փաստարկե՛ք։ Ընդհատակից հանե՛ք ԱՆԻՖ-ի մենեջերներին և ստիպեք նրանց պատասխանել հարկատուների հարցերին։ 

Տե՛ս՝ ԱՆԻՖ-ը լուծարվում է

***

Լևոն Խալաթյանը ԱԼԻԱՍ խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում