Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյան անհանգստություն է հայտնել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։ Նա նաև մտահոգ է Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն աճով, որը վտանգվում է հայ հասարակության միասնականությունը։
«Այս շաբաթ շատերը խորապես վրդովվեցին ինստիտուցիոնալ նորմերի և երկարամյա արժեքների ոտնահարման նմանօրինակ դեպքից, երբ Հայաստանի ոստիկանությունը թույլ չտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը ամենամյա այց կատարել Սարդարապատի հուշահամալիր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա էր ոգեկոչելու Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման հաղթական գոյամարտում իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը։ Սակայն պատվիրակության մուտքը դեպի հուշակոթող անարգել ապահովելու փոխարեն՝ ոստիկանները առանց առերևույթ կամ հիմնավոր պատճառի խոչընդոտեցին այն։
Թեև Նորին Սրբությանը և նրա պատվիրակությանը որոշ ժամանակ անց թույլ տվեցին մուտք գործել տարածք՝ ոստիկանության կողմից ագրեսիայի կիրառման անհիմն դրսևորումը, ցավոք, տարածվեց ամբողջ աշխարհով և քննարկման առարկա դարձավ: Երբ պետության ներկայացուցիչները դադարում են հարգել իրենց ազգային եկեղեցու բարձրագույն ներկայացուցչին, դա դառնում է անհանգստության պատճառ և վիրավորանք հասցնում բազմաթիվ հայերի: Սա նաև հուշում է, որ մեզ անհրաժեշտ է վերաարժևորված և միասնական հավատարմություն մեր ժողովրդավարական սկզբունքներին և մեր ազգային եկեղեցու ավանդույթներին, որը հազարամյակներ շարունակ աշխարհասփյուռ հայերի համար ծառայել է որպես ինքնությունը պահպանող հենասյուն»,- ասված է ՀԲԸՄ նախագահի հայտարարությունում։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող շուրջ 500 000 հայերի կյանքի որակի բարելավմանը:
***
Մայիսի 28-ին ոստիկանները փորձել էին արգելել Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Նույն պահին Հանրապետության տոնի առիթով հուշահամալիր է այցելել նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետի ու նախագահի գլխավորությամբ։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է ոստիկանական պատը, որը թույլ չի տալիս Վեհափառին մտնել հուշահամալիր:
https://civilnet.am/news/778892/%d5%be%d5%a5%d5%b0%d5%a1%d6%83%d5%a1%d5%bc%d5%ab-%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%b9%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7%d6%80-%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/
Civilnet











