Շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Օպերայի հարակից տարածնքերում։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Մասնավորապես, մշակութային գործունեության իրականացումն արգելվելու է Հանրապետության հրապարակում և դրան հարակից 100 մետր շառավղով տարածքում, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքում և Հյուսիսային պողոտայում ու դրան հարակից 100 մետր շառավղով տարածքում:
«Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։
Civilnet











