Գլխավոր Լրահոս

Հայաստանցիների մոտ էականորեն նվազել է ՌԴ-ում աշխատելու գայթակղությունը. ԿԲ նախագահ

Հայաստանցիների մոտ էականորեն նվազել է ՌԴ-ում աշխատելու գայթակղությունը. ԿԲ նախագահ

Հայաստանի տնտեսության կախվածությունը նվազել է արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումներից` տրանսֆերտներից։ Այդ մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` հունիսի 3-ի ասուլիսին ներկակացնելով 2023-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը: 

«Մենք տարիներ շարունակ արձանագրում ենք մի միտում, որ Հայաստանի տնտեսությունը փորձում է ավելի հեռանալ միջազգային փոխանցումներից: Այդ գործոնի տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ էականորեն փոխվել է»,- նշել է Գալստյանը` հավելելով, որ եթե ավելի քան 10 տարի առաջ դրամական փոխանցումների ծավալը ՀՆԱ-ում հասնում էր շուրջ 18%-ի, ապա այժմ այդ թիվը միանիշ է: 

Համաձայն ԿԲ-ի տվյալների` 2023-ին արտերկրից Հայաստան է փոխանցվել մոտ 5,7 մլրդ դոլար, որը գերազանցում է 2022-ի ցուցանիշը 505 մլն դոլարով կամ 9,7%-ով։  Տրանսֆերտների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է, որի մասնաբաժինը եղել է 4 մլրդ դոլար կամ ընդհանուր փոխանցումների 70%-ը: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 663 մլն դոլար ցուցանիշով, երրորդ տեղում Շվեյցարիան` 141 մլն դոլար, իսկ չորրորդ և հինգերորդ տեղերում` Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, համապատասխանաբար՝ 103 մլն դոլար և 76 մլն դոլար ցուցանիշներով:

Ճիշտ է, նախորդ տարի տրանսֆերտների հոսքը Հայաստան եղել է աննախադեպ ծավալի, բայց նույնքան աննախադեպ է եղել նաև արտահոսքը` ավելի քան 4 մլրդ դոլար։ Ուստի դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս փոխանցումների տարբերությունն է, կազմել է շուրջ 1,7 մլդ դոլար` ՀՆԱ-ի 7,2%-ը: 

ԿԲ նախագահը Հայաստանի տնտեսության կառուցվածքում դրամական փոխանցումների գործոնի թուլացման մի քանի պատճառ է բերում. «Գործոններից մեկն աշխարհաքաղաքական զարգացումներ են: Ավանդաբար մեր աշխատուժի համար աշխատանքի վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներն իրենց ազդեցությունն ունեցել են: Երկրորդ գործոնը, դա հայկական դրամով և ռուսական ռուբլով արտահայտված աշխատավարձերի տարբերության էական նվազումն է (Հայաստանում աշխատավարձերի աճի և դրամի նկատմամբ ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով – խմբ.), որի արդյունքում Ռուսաստանում աշխատելու գայթակղությունը մեր համերկրացիների համար էականորեն նվազել է»: 

Կա նաև երրորդ ու ժամանակավոր բնույթ կրող գործոնը, որը Գալստյանի խոսքով՝ պայմանավորված էր ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով հիմնականում ՌԴ-ից 2022-ին և 2023-ին Հայաստան հոսած կապիտալով: 

«Դրանք վիճակագրորեն դասակարգելը` մաքուր դրամական փոխանցումներ են, թե ինչ բնույթ ունեն, բավականին դժվար է: Մենք տեսանք` այն պիկերը, որոնք 2022-ին կային, որոշակիորեն հաղթահարվեցին: Ու հիմա այն, ինչ մենք ունենք այս պահին դրությամբ, երևի թե այն բնականոն վիճակն է, որին բավականին մոտ ենք»,- եզրափակել է Մարտին Գալստյանը: 

2024-ի հունվար-ապրիլին դեպի Հայաստան միջազգային դրամական փոխանցումները կազմել են 1,67 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում արտահոսքը հասել է 1,34 մլրդ դոլարի: Զուտ ներհոսքը եղել է 327,5 մլն դոլար:

2023-ի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ նշվում է, որ դեպի Հայաստան զուտ անձնական դրամական փոխանցումների, արտագնա աշխատողների զուտ վարձատրության նվազումը որոշ չափով փոխարինվել է միջազգային այցելուների կողմից ՀՀ-ում պահանջարկի, ծառայությունների սպառման աճով՝ ապահովելով տնային տնտեսությունների եկամուտների աճ: Մյուս կողմից՝ դա նվազեցրել է արտաքին կախվածության ռիսկի անորոշությունները տնային տնտեսությունների եկամուտների մասով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում