Գլխավոր Լրահոս

Մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կտրուկ նվազել է

Մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կտրուկ նվազել է

2024-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության աճի դինամիկան կտրուկ նվազել է` կազմելով 5,2%: Այն ավելի քան երկու անգամ զիջում է տարեսկզբից գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշներին, որոնք 10%-ից բարձր են եղել:  

Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, ընթացիկ տարվա մայիսին 2023-ի նույն ամսվա համեմատ տնտեսության ակտիվության աճի նպաստած հիմնական ճյուղերը չորսն են: Առավել մեծ աճ գրանցած ոլորտը շինարարությունն է`18,1%, որին հաջորդում է առևտրի շրջանառությունը`17,6%, արդյունաբերությունը՝ 6,9% և ծառայությունների ոլորտը` 2,8%։

Մայիսին հատկապես նկատելի է արդյունաբերության ճյուղի աճի նվազումը, որը նախորդ ամիսներին գրանցում էր երկնիշ աճ` հիմնականում վերամշկող ճյուղի, իսկ ավելի կոնկրետ ոսկերչության հաշվին: Դատելով այս տվյալներից` ոլորտը հիմնականում ռուսական ոսկու վերաարտահանման հաշվին գրանցած գերտաքացումից հետո մտել է «սառեցման» փուլ: 

Սա իր հերթին անուղղակիորեն փաստում է ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ նվազումը, որի մասին տեղեկատվությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել է նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  

Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32,2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 57,4%-ով, իսկ ներմուծումը՝ 17,2%-ով: 

Չնայած մայիսին արձանագրված տնտեսական դինամիկայի դանդաղեցմանը, այնուամենայնիվ, հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 11,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա պայմանավորված է նախորդ ամիսների բարձր ցուցանիշներով: 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսական աճը խթանող ճյուղերը մնացել են չորսը: Առաջին տեղում առևտրի շրջանառությունն է, որի աճը կազմել է 24,6%, արդյունաբերությունն աճել է 22%-ով, շինարարությունը՝ 14,9%-ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 3,7%-ով։

Հունվար-մայիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,2 անգամ` հասնելով 16,3 մլրդ դոլարի: Արտահանումն աճել է 2,5 անգամ` կազմելով ավելի քան 7 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 99,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 9,2 մլրդ դոլար: 

Մայիսին գնաճը կազմել է 0,3%, իսկ հունվար-մայիսին սպառողական շուկայում գները նվազել են 0,8%-ով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում