Գլխավոր Լրահոս

Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը «քաջ և դրական քայլ է»․ Իրանի դեսպան

Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը «քաջ և դրական քայլ է»․ Իրանի դեսպան

Իրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է սահմանների ցանկացած փոփոխության․ այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք դրան: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, նաև՝ աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ Իրանում և Հայաստանում կառավարությունների փոփոխությունից։ Մեզ համար Հայաստանը շատ կարևոր երկիր է, մեր լավ և ազնիվ հարևանն է։ Երկու երկրների անվտանգությունն ու շահերը շաղկապված են միմյանց»,- նշել է դեսպանը։

Հարցին՝ ինչպիսին կլինի Իրանի արձագանքը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, Սոբհանին պատասխանել է. «Նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է ՀՀ կառավարությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ»:

Իրանը նաև ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը․ «Այս քաջ և դրական քայլը, որ կատարվեց ՀՀ-ի կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ։ Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, դրանք պատմության ճիշտ կողմում են»,- ասել է դեսպանը։

Հայաստանի ԱԳՆ-ը հունիսի 21-ին հայտարարել է, որ Երևանը ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին»:

ՄԱԿ-ի անդամ 144 երկիր մինչ այս պահը ճանաչել էր Պաղեստինի պետությունը։ Հայաստանի բոլոր հարևաններն այն ճանաչել էին նախկինում։ 2024-ին Պաղեստինի պետությունը ճանաչեցին նաև Իսպանիան, Նորվեգիան, Իռլանդիան և Սլովենիան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում