Կրկին՝ Հայաստան vs Վրաստան
Նախօրեին Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին, ի թիվս տարբեր երկրների ղեկավարների, ելույթ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Հայաստանի և Վրաստանի ղեկավարների ելույթների զուգադրությունը հետաքրքիր երևույթ է առաջ քաշում՝ որքան երկիրը մոտ է ժողովրդավարությանը, այնքան այդ երկրի առաջնորդն ավելի շատ խնդիրներ է տեսնում ժողովրդավարության հարցում, և հակառակը՝ որքան երկիրը հեռու է ժողովրդավարությունից, այդքան այդ երկրի նախագահը խոսում է ժողովրդավարական առաջընթացի մասին։ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի ելույթներից հատվածներ ներկայացված են ստորև:
«Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ ևս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն»,– ասել է Սերժ Սարգսյանը (president.am):
«Վրաստանում ժողովրդավարության մասին հնարավոր կլինի խոսել միայն մյուս ընտրություններից հետո, երբ առնվազն երկու իշխանություն խաղաղ և ժողովրդավարական եղանակով փոխվի: Մենք հաճախ ենք ականատես լինում մի երևույթի, երբ մարդիկ իշխանության են գալիս ազատ և արդար ընտրությունների միջոցով, սակայն հետո մոռանում են հեռանալ»,– ասել է Վրաստանի նախագահը: Նա նշել է, որ իրենք արել են առաջին քայլը, սակայն ունեցածը պահպանելու համար Եվրոպայի կարիքը ունեն (Azatutyun.am):
Civilnet










