Նոր ատոմակայանի կառուցման գործընթացն առարկայական փուլ է մտել, գնդակն ԱՄՆ դաշտում է․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ նոր ատոմակայանի կառուցման գործընթացը «մտել է առարկայական փուլ»։
«ԱՄՆ հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը, առանց որի չենք կարող առաջ գնալ։ Այս պահին կարող եմ ասել՝ գնդակը ԱՄՆ դաշտում է։ Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների ներհամակարգային ընթացակարգերն անցնեն, այնուհետև մենք սկսենք աշխատել»,- հուլիսի 3-ին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի կարծիքով՝ Հայաստանն անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի հարցում մեծ հաջողություններ ունի, ինչը չի կարելի ասել տնտեսության ոլորտի մասին․ «Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար մեծ աշխատանք է տարվում և պատահական չէ, որ ապրիլի 5-ի հանդիպման օրակարգային առաջնահերթ խնդիրները հենց տնտեսական են եղել»։
***
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։ Ռուսական ռեակտորների հզորությունը մոտ 1000-1200 ՄՎտ է։ Հայաստանին, մինչդեռ, ավելի հարմար է նվազ հզորությամբ ատոմակայանը։ Ներկայում երկրի ամբողջ էներգետիկ պահանջարկը մոտ 1200 ՄՎտ է։
Հայաստանում վերջերս սկսել է քննարկվել նվազ հզորությամբ ամերիկյան մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է մոդուլյար ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Ըստ նրա՝ դա առավել անվտանգ է․ «Երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էլ ապրիլին ասել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։
https://civilnet.am/news/765729/%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd-%d5%a3%d5%a1%d5%a6-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4-%d6%87-%d5%bb%d5%b8%d6%82%d6%80%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8/
Civilnet










