Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը նախատեսում է մինչև 2030-ը քառապատկել մասնաբաժինը համաշխարհային տիեզերական տնտեսությունում

Հնդկաստանը նախատեսում է մինչև 2030-ը քառապատկել մասնաբաժինը համաշխարհային տիեզերական տնտեսությունում

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Times of Oman թերթում։

Հնդկաստանի կառավարությունը մասնավորեցրել է տիեզերք արբանյակների արձակման արդյունաբերությունը և նպատակ է դրել մինչև 2030-ը երկրի տիեզերական հատվածի գլոբալ մասնաբաժինը ներկայիս 2 տոկոսից հասցնել մինչև 8 տոկոսի:

Անցյալ շաբաթ Նյու Դելիում կայացած հանդիպմանը Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Ջիտենդրա Սինգհն ասել է, որ ընդամենը մոտ երկու տարվա ընթացքում երկրում տիեզերական հրթիռների արձակումներն ավելացել են 200 անգամ, և քանակական այս թռիչքը հնարավոր է դարձել Հնդկաստանի կառավարության սկզբունքային որոշման պատճառով՝ բացելու տիեզերական հատվածը մասնավորի համար և խթանելու պետություն-մասնավոր հատված գործակցությունը։

Ջիտենդրա Սինգհը քննարկում է ունեցել Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (Indian Space Research Organisation, ISRO) նախագահ Սրեդհարա Սոմանաթի և նրա թիմի հետ՝ դիտարկելու Տիեզերքի հարցերով գերատեսչության 100-օրյա Գործողությունների պլանը, ներկա իրավիճակը, հնարավորությունները և Հնդկաստանի կողմից առաջիկայում տիեզերք արբանյակներ արձակելու հարցերը։

Սինգհի խոսքով՝ եթե 2022-ին Հնդկաստանում կար տիեզերական ընդամենը մեկ ստարտափ ընկերություն, 2024-ին այդ թիվը հասել է 200-ի։ Նա նշել է, որ միայն 2023-ին մոտ ութ ամսվա ընթացքում երկրի տիեզերական ոլորտում 10 մլրդ ռուպիի (մոտ 122 մլն ԱՄՆ դոլար) ներդրում է արվել, իսկ այս ոլորտի արդյունաբերությունը սպասարկում է մոտ 450 ՓՄՁ-ների։

Նախարարի կանխատեսմամբ՝ Հնդկաստանի մասնաբաժինը գլոբալ տիեզերական տնտեսության մեջ մինչև 2030-ը 2021-ի համեմատությամբ կաճի չորս անգամ, և Հնդկաստանի տիեզերական արդյունաբերությունը, որի գլոբալ մասնաբաժինը 2021-ին եղել է 2 տոկոս, 2030-ին կհասնի մինչև 8 տոկոսի, իսկ մինչև 2047-ը՝ մինչև 15 տոկոսի:

Տիեզերական արբանյակների ոլորտում մասնավոր ընկերությունների աճող մասնակցության պայմաններում Հնդկաստանը ներկայում տիեզերական ոլորտում թույլ է տալիս 100 տոկոս օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ): Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Ջիտենդրա Սինգհի խոսքով՝ մասնավոր հատվածը կարող է նոր լուծումներ առաջարկել առաջադեմ փոքր արբանյակների, աշխարհատարածական տեխնոլոգիաների, ուղեծրային փոխանցման մեքենաների և այլ տեխնոլոգիաների զարգացման համար:

Շվեյցարիայում գործող Համաշխարհային տնտեսական ֆորում (World Economic Forum) վերլուծական կենտրոնի գնահատականով` Հնդկաստանում երկար ժամանակ կառավարության վերահսկողության ներքո գտնվող տիեզերական ոլորտի ազատականացումը կարող է հետաքրքրել Իլոն Մասկի SpaceX և Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերություններին՝ ի շարս այլոց։ Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների մասնակցության հարցում քաղաքականության բարեփոխումը կխթանի զբաղվածությունը և թույլ կտա ընկերություններին արտադրական օբյեկտներ հիմնել Հնդկաստանում:

Ernst & Young խորհրդատվական ընկերության կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ Հնդկաստանի տիեզերական արդյունաբերության ազատականացումը մեծ հնարավորություն է ընձեռում մասնավոր հատվածին՝ խթանելու թվային զարգացումը, ներդնելու նորարարական ծառայություններ և երկիրը մղելու տիեզերական տեխնոլոգիաների մրցավազքի առաջնագիծ:

Հնդկաստանի տիեզերական տեխնոլոգիաների ոլորտը, որն առանձնապես հայտնի չէր աշխարհին մի քանի տարի առաջ, քանի որ 2019-ին ուներ տիեզերական տեխնոլոգիաների ընդամենը հինգ ձեռնարկություն, 2022-ին վերելք ունեցավ, երբ Հայդերաբադից արձակվեց առաջին մասնավոր հրթիռը, որը մշակել էր Skyroot Aerospace ընկերությունը:

Տիեզերական տեխնոլոգիաների էկոհամակարգը Հնդկաստանում սկսեց զարգանալ հատկապես 2023-ից, երբ ոլորտում ներգրավվեցին բազմապիսի ընկերություններ։

Ըստ CredAble ֆինտեխ ընկերության՝ Հնդկաստանի տիեզերական տեխնոլոգիաների մեկնարկային լանդշաֆտն արմատապես փոխվել է և ներկայում պաշտպանված է երկրի ազատականացված տիեզերական տնտեսության կանոններով, ինչին ակտիվ աջակցում է ISRO-ն: Նախկինում ՕՈՒՆ-ը տիեզերական հատվածին թույլատրվում էր միայն կառավարության հաստատմամբ, մինչդեռ այժմ  տիեզերական տնտեսության բացումը մասնավոր հատվածի համար սկիզբ է դրել այս ասպարեզում տիեզերական նորարարական ծառայությունների:

Հնդկաստանի տիեզերական արդյունաբերությունը, որի համաշխարհային մասնաբաժինը մոտ 2 տոկոս է, ներկայում գնահատվում է 8 մլրդ դոլար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հնդկաստանը դարձել է արբանյակների արձակման նախընտրելի ուղղություն և տեղակայել է 381 արբանյակ 34 երկրներում՝ ստանալով 279 մլն դոլար եկամուտ։ Ըստ CredAble-ի՝ Հնդկաստանը նախատեսում է մինչև 2040-ը իր տիեզերական արդյունաբերության գումարային ծավալը հասցնել 40 մլրդ դոլարի։

Տեխնոլոգիական այս առաջընթացը, ըստ CredAble-ի, Հնդկաստանի բիզնեսների համար ավելի հեշտ և ավելի էժան են դարձրել մատչումը տիեզերքին, և ոլորտում առաջիկա 10 տարում նախատեսվում է 22 մլրդ դոլարի ընդհանուր ներդրում, ինչը վճռորոշ կլինի կանխատեսվող աճին հասնելու և տիեզերք-երկիր տնտեսության զարգացման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում