Գլխավոր Լրահոս

«Հայոց պատմություն» առարկան անվանափոխվեց «Հայաստանի պատմության»

«Հայոց պատմություն» առարկան անվանափոխվեց «Հայաստանի պատմության»

Կառավարությունը հուլիսի 11-ի նիստին հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանմամբ վերափոխելու նախագիծը։

«Առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը, ուստի «Հայաստանի» բառն անհրաժեշտ է ամրագրել՝ առարկայի անվամբ շեշտադրելով պետականության, դրա կարևորման գաղափարը սովորողների մոտ ամրապնդելու, սերնդի մեջ պետականության ընկալումը սերմանելու նպատակով: Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ըստ գործադիրի՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելով՝ «առարկայի դասագրքի անվանումն արդեն իսկ սովորողի մոտ պարտավորություն և սկզբունքներ կարմատավորի պետականություն ունեցող երկրի քաղաքացի ձևավորվելու գործընթացում»։

Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ինչո՞ւ ենք այս որոշումը ընդունում, որովհետև մենք մեր ռազմավարության հիմքում և մեր քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Մենք պետք է, ընդհանուր առմամբ, արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն և մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է։ Մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ հենց այսօր հենց այս դահլիճում տեղի ունեցող քննարկումներում և որոշումներում: Մենք, իմ գնահատմամբ, մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախագծի վերաբերյալ մտահոգություններին, վստահեցրել է՝ բովանդակությունը չի կրճատվելու․ «Որոշ շրջանակների մոտ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և օրինակ մեր երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ կամ կտորներ: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևն է, վերագնահատումն է հենց այն մեթոդաբանության դիրքերից, որոնց մասին դուք խոսեցիք»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում