Մկրտիչ Կարապետյան
Հայաստանի կառավարությունը շարունակում է կասկածելի նպատակներով ու հիմնավորումներով ծախսել հանրային միջոցները։ Այսօր տեղեկացանք, որ կառավարությունը 2,6 միլիոն դոլարով ծառայողական 49 հատ Volvo ավտոմեքենա է ձեռք բերում։ Կառավարությունը ժլատ է գտնվել հիմնավորելու, թե ինչու են հենց այս թանկարժեք էլեկտրամոբիլները պետք, ում են դրանք սպասարկելու, ինչ մեքենաների են փոխարինելու այս Volvo-երը։ Գործադիրը չի մանրամասնում նաև, թե արդյոք կա եզրակացություն մինչ այս շահագործվող ավտոմեքենաների տեխնիկական վիճակի մասին։
Որքանո՞վ էր սա հրատապ՝ հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարը զգուշացրել էր հարկերի թերհավաքագրման խնդրի մասին։ Առանձնահատուկ պետք է նշել, որ ձեռք բերվող մեքենաներից չորսը ներկայացուցչական դասի են լինելու՝ 120 - 180 000 դոլար արժողությամբ։ Ու՞մ են սպասարկելու սրանք, նորից տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ ներկայացուցչական դասի մեքենաների վերաբերյալ հանձնարարական վարչապետն ու նրա աշխատակազմի ղեկավարն են տվել։
Թե որքան «հիմնավոր» է այս ձեռքբերումը, կարելի է տեսնել կառավարության որոշման փաթեթում տեղադրված փաստաթղթերից, որտեղ ֆինանսների նախարարը բառացի գրել է՝ «հիմնավորումներից ակնհայտ չէ, թե նախագծով ձեռք բերվող ավտոմեքենաները որ մարմինների համար են նախատեսված»: Այլ կերպ ասած՝ մեքենան գնում են՝ առանց հասկանալու, թե ում համար են այն գնում։ Սա իհարկե չխանգարեց, որ որոշումը միաձայն ընդունվի կառավարության նիստում՝ չզեկուցվող ընթացակարգով։
Սա էլ որերորդ դեպքն է, երբ կառավարությունը, որ միջազգային գործընկերների հետ լավ, թափանցիկ ու հաշվետու կառավարման ծրագրեր է իրականացնում, հանրային միջոցների հետ վարվում է այնպես, կարծես դա իրենց անձնական փողերն են, իսկ միլիարդների ծախսերին էլ վերաբերվում են որպես խանութպանին թողած մանրադրամ։
Բերեմ ընդամենը մի քանի օրինակ. կառավարությունը ավելի քան 10 միլիոն դոլար էր ծախսել պետական ֆոնդի միջոցով Fly Arna ավիափոխադրողի վրա։ Հիմա ո՛չ ավիափոխադրողը կա, ո՛չ թռիչքները, ո՛չ ավիաընկերության լիցենզիան։ Անհայտ է նաև այս գումարի ճակատագիրը։
2023-ին Հայաստան պետք է գար ամերիկացի ռեփեր Snoop Dogg-ը։ Կառավարությունը համերգի համար 6 միլիոն դոլար փոխանցեց երգչին։ Մինչ այս պահը համերգի հետ կապված տեղեկություններ չկան։
2022 և 2023 թվականներին Երևանը միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել Ամանորի նախաշեմին քաղաքը զարդարելու, լույսեր կախելու ու երգուպարի համար՝ առանց պատշաճ հիմնավորվել, թե ինչու հնարավոր չէր նոր տարին դիմավորել ավելի համեստ՝ երկրի վիճակին ու տնտեսությանը համապատասխան։ Առավել ևս մի տարում, երբ հայ ժողովուրդը կորցրել էր Արցախը ու կանգնել ազգային ու հումանիտար լուրջ աղետի առաջ։
Սրանք միայն չնչին մասն են վիճելի այն ծախսերի, որ իրականացրել է կառավարությունը՝ հիմնականում գաղտնի կամ կիսագաղտնի ձևով։ Մեծ հավանականությամբ՝ միլիարդների հասնող բազում այլ ծախսեր արդեն հատել են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների շեմը։
Այս ողջ պատմությունների ու հատկապես 2,6 միլիոն դոլարով Volvo էլեկտրական մեքենաներ գնելու թեմայով, սակայն, հուսահատեցնողն ու զարմանալին հանրային գործիչների արձագանքն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Քաղաքացիական հասարակության, քաղաքական գործիչների, ակտիվիստների այն խմբերը, որ նախկին իշխանությունների օրոք բյուջեի ամեն կոպեկի ծախսը արդարացիորեն քննության էին ենթարկում, կարծես չեն էլ փորձում պատասխանատվության կանչել կառավարությանը՝ այս ծախսերի ու դրանց արդյունավետության համար։
2016-ին ՍիվիլՆեթը մի բացահայտում էր արել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը պետական օդանավը վերցրել և մեկնել Մոսկվա՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին։ Այս թեման դարձավ բուռն քննարկումների առիթ, քաղհասարակությունը, օրվա ընդդիմությունը Սարգսյանին անարգանքի սյունին էին գամել պետական ռեսուրսներն անձնական նպատակով օգտագործելու համար։ Այդ պատմության ավարտը եղավ այն, որ օրենսդրությունը փոփոխվեց, բարձրաստիճան պաշտոնյաների արարողակարգային ծախսերը այլևս լրագրողներին հասանելի չդարձան։ Այդ օրենսդրությունը մինչ այժմ պահպանվում է։
Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով ու խոստումներով իշխանության եկած այսօրվա կառավարությունն այլևս հարկ չի համարում կասկածելի ծախսերի մասին բարձրաձայնել։ Այս մասին գրեթե չի խոսվում։
Քաղհասարակությունն էլ առանձնապես ակտիվ չէ։ Այն ՀԿ-ները, որոնք պետք է մանրադիտակի տակ պահեին կառավարության գործունեությունն ու ծախսերը, զբաղված են այլ գործերով ու հատկապես՝ գեոպոլիտիկ վերլուծություններով։
Նրանք անտեսում են հարկատուների փողերի աննպատակ փոշիացումը, աչք են փակում աղաղակող այս գործընթացների նկատմամբ։
Հարկատուների գումարների այս շարժերն առանձնապես հետաքրքիր չեն նաև ընդդիմությանը։ Հատուկենտ դեպքերում է միայն, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նրանք հարցնում են այս կամ այն ծախսի մասին։ Այս շռայլ ծախսերի մասին ընդդիմության լռությունն ամեն ինչով հանդերձ նաև շահավետ է․ չէ՞ որ պետությանը ավտոմեքենաների մատակարարման առաջատար ընկերություններից մեկն էլ երկրորդ նախագահի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան»-ն է՝ իր բազմամիլիարդանոց պայմանագրերով։
Civilnet











