Գլխավոր Լրահոս

Մասուդ Փեզեշքիան․ Իրանի նախագահի ազգանվան շուրջ

Մասուդ Փեզեշքիան․ Իրանի նախագահի ազգանվան շուրջ

Հրաչ Մարտիրոսյան, լեզվաբան

Իմ բարեկամներից մի քանիսն ինձ խնդրում են մեկնաբանել հուլիսի 5-ին Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանի (Masoud Pezeshkian, պարսկ. مسعود پزشکیان) ազգանունը և դրա առնչությունը հայերեն բժիշկ բառի ու Բժշկեան / Բժշկյան ազգանվան հետ։ Նկատի առնենք, որ նա ազերիախոս հոր ու քրդախոս մոր զավակ է և մասնագիտությամբ բժիշկ։

✅ Հայերեն բժիշկ (հոգն. սեռ. բժշկ-ա-ց) բառն առատորեն վկայված է ոսկեդարյան մատենագրության մեջ և ներկա է մի շարք բարբառներում։ Ունի իրանական ծագում, հմմտ.

• պարթևերեն bzyšk,

• միջին պարսկերեն bizešk,

• նոր պարսկերեն bizišk, pizišk.

բոլորը նշանակում են ‘բժիշկ’։

◊ Առանց *-k- ածանցական տարրի՝

• մանիքեական միջին պարսկերեն bišāz [byš’c/z] ‘բժիշկ’, bišāz- [byš’z-] ‘բուժել’, bišāzīh [byš’zyh̠, byš’zyy] ‘բուժում, բժշկում’;  

• սանսկրիտ bhiṣáj- m. ‘բժիշկ’, bháiṣajya- n. ‘բուժում’։

Ակնհայտորեն այս պարզական (առանց *-k- ածանցական տարրի) իրանական ձևից է փոխառված նաև հայերեն բժիժ, բժժանք ‘կախարդական հմայակ, հուռութք, թալիսման’ բառը, որի ստուգաբանական բնիմաստը պետք է եղած լինի ‘*հմայադեղ, հմայական բուժամիջոց’:

✅ Ինչ վերաբերում է քննվող անձնանվան ածանցին, ապա այն ակնհայտորեն ներկայացնում է իրանական տոհմանվանական-հայրանվանական *-iyāna-(հոգն․ սեռ․ *-iyānām) ածանցը, որը հայերենում բնականորեն արտացոլված է -եան տեսքով։ Ընդ որում․

? ազգանուններում/տոհմանուններում այն հաճախ է հանդիպում ինչպես ակնհայտ իրանական հենքի վրա՝ Դատոյեան, Խոռեան, Մահեւանեանք, Յոզմանդեան, Շերոյեան, Սամեան, Տապեան և այլն,

?այնպես էլ հայակազմ կամ ոչ իրանական հենքերի վրա՝ Աբրահամեան, Ազարեան, Մամիկոնեան և այլն.

?կան նույնիսկ ուղղակիորեն իրանական իզաֆեթով տոհմանուններ -եան-ով, օրինակ՝ Դատոյ ի Գարջուղեան։  

◊ Հայերենն իհարկե ունի նաև համանուն -եան ածականակերտ ածանցը (-ամ-եան, առաւաւտ-եան, աստուած-եան, հանապազորդ-եան, վաղորդ-եան, վաղու-եան և այլն), որի հենքի վրա էլ զարգացել է սեռական-տրական -եան վերջավորությունը, օրինակ՝ հանգիստ, սեռ. հոլ. հանգստեան; ամիս, սեռ․տր․ներգոյ․ (յ-)ամսեան (սովորական ամսոյ-ի կողքին); տիւ ‘ցերեկ’, տու(ը)նջեան և այլն։

◊ Սա ամենայն հավանականությամբ բնիկ հայկական ծագում ունի` *-iHno- կամ նման վերակազմությամբ (հավանաբար բաղադրյալ է՝ *-i(eH)- + *-nV-), որի բաղադրիչները և նույնիսկ այդ բաղադրությունն ամբողջությամբ արտացոլվել են հնդեվրոպական տարբեր լեզուներում։ Հատկապես տպավորիչ է լատին. -īnus ածանցի հետ համեմատությունը:

❗️ Հայերենում իրար հետ ձևով նույնականացել ու բաղարկվել են այս երկու ածանցները՝ իրանական *-iyāna-ն և բնիկ հայկական ծագման -եան-ը։

?► ԱՅՍՊԻՍՈՎ

Ազերիական և քրդական ծագում ունեցող նախագահ Մասուդ Փեզեշքիանի ազգանունն ամբողջովին իրանական է։ Դրա կապը հայերենի հետ անուղղակի է և սահմանափակվում է այն հանգամանքներով, որ դրա հիմքում ընկած բառը փոխառվել է հայերենում՝ բժիշկ բառի տեսքով, իսկ ածանցը լայնորեն ներկայացված է հայերենում՝ ինչպես իրանական, այնպես էլ հայկական հենք ունեցող ազգանուններում/տոհմանուններում՝ բաղարկվելով բնիկ հայկական ծագման -եան ածանցի հետ։  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում