Տարածաշրջանում հաղորդակցությաան նոր կապուղիները պետք է հարգեն պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կառուցվեն ոչ խտրական առևտրի և երկրների տարանցիկ իրավունքների հիման վրա, հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը:
Հինգշաբթի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի՝ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով հանդիպմանը Ջայշանքարն ասել է, որ ներկայում գլոբալ բանավեճը կենտրոնացած է հաղորդակցության նոր կապուղիներ ստեղծելու վրա, որոնք ավելի լավ կծառայեն վերահավասարակշռված աշխարհին, հաղորդում է հնդկական The Indian Express-ը։
Խոսելով Իրանի Չաբահարի նավահանգստի զարգացման գործում Հնդկաստանի ներդրման մասին՝ Ջայշանքարը, վկայակոչելով վարչապետ Նարենդրա Մոդիին, ասել է, որ դա ոչ միայն մեծ առավելություն է դեպի ծով ելք չունեցող Կենտրոնական Ասիայի պետությունների համար, այլև հնարավորություն Հնդկաստանի և Եվրասիայի միջև առևտրային ռիսկերի նվազեցման։
«Եթե սա լուրջ թափ հավաքի, ապա շատերի համատեղ ջանքերը հարկավոր կլինեն: [Հաղորդակցությաան նոր կապուղիները] պետք է հարգեն պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կառուցվեն ոչ խտրական առևտրի և երկրների տարանցիկ իրավունքների հիման վրա»,- ասել է Հնդկաստանի արտգործնախարարը:
«ՇՀԿ-ի մեծ ընտանիքի համար Հնդկաստանի և Իրանի միջև երկարաժամկետ համաձայնագրի արդյունքում մենք նշում ենք վերջերս Չաբահարի նավահանգստում ձեռք բերված առաջընթացը: Սա ոչ միայն մեծ արժեք ունի Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող պետությունների համար, այլև կարևոր է Հնդկաստանի և Եվրասիայի միջև առևտրի ռիսկերը նվազեցնելու առումով»,- ասել է Ջայշանքարը։
Իրանի հարավում գտնվող Չաբահարի նավահանգիստը, որը Հնդկաստանն առաջարկել էր զարգացնել դեռ 2003-ին, հնդկական ապրանքների համար դարպաս է դեպի ծով ելք չունեցող Աֆղանստան և Կենտրոական Ասիա, որը կներառի նաև երկաթուղի նախագիծ, այսպես կոչված՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք։
Թեհրանի միջուկային ծրագրի խնդրով ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ դանդաղեցրել էին նավահանգստի կառուցումը:
2024-ի մայիսին Հնդկաստանն ու Իրանը Չաբահարի նավահանգստի շահագործման շուրջ տասնամյա համաձայնագիր ստորագրեցին, որը կնպաստի Կենտրոնական Ասիայի հետ առևտրի ընդլայնմանը։
Հնդկաստանն անցյալ տարի Չաբահարի նավահանգստով Աֆղանստանին 20,000 տոննա ցորեն էր ուղարկել որպես օգնություն: 2021-ին էլ նավահանգստով Հնդկաստանն Իրանին էկոլոգիապես մաքուր թունաքիմիկատներ էր մատակարարել։
Չաբահարն առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը ստանձնում է արտասահմանյան նավահանգստի կառավարում, ինչը նպատակ ունի բազմապատել Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև առևտուրը՝ շրջանցելով Պակիստանը:
Հնդկաստանը զարգացնում է այս նավահանգստի մի նավամատույցը։ Նավահանգստի զարգացման շուրջ քննարկումները սկսվել էին 2003-ին Իրանի նախագահ Մուհամմադ Խաթամիի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։
Չաբահարը օվկիանոսային նավահանգիստ է։ Այս նավահանգստի միջոցով Հնդկաստանը նպատակ ունի շրջանցել Պակիստանը և ուղիղ կապ հաստատել Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հետ: Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Կանդլա նավահանգիստի և Չաբահարի նավահանգստի հեռավորությունը 550 ծովային մղոն է, իսկ Չաբահարի և Մումբայի միջև հեռավորությունը 786 ծովային մղոն է:
Տե՛ս նաև՝
Հնդկաստանի խաղն Իրանում և նպատակներն ավելի լայն տարածաշրջանում
Civilnet











