Խաղաղության համաձայնագրի համար Երևանն ու Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն․ Պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի կնքման համար պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների ու տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար: Մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ։ Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնություններն ու հասնելու համաձայնության»,- հուլիսի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Միլլերը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել։ Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի։
***
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպման մեկնարկին իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Civilnet










