Անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ է կայուն զարգացման նպատակների խոստմանը․ Միրզոյան

Անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ է կայուն զարգացման նպատակների խոստմանը։ Այդ մասին հուլիսի 15-ին Նյու Յորքում ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, ԼՂ-ում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115 000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում»,- ասել է Միրզոյանը։
Civilnet










