Ծիրանն այս տարի Հայաստանում շուտ պրծավ, հատկապես Արարատյան դաշտի ոսկեթուշ շալախ ծիրանը։ Այս տարվա «Ոսկե ծիրանը» ավարտվեց մեկ-երկու օր առաջ, հայտնի դարձան մրցանակակիրները։
Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր սկանդալային հեղինակությամբ, բայց արտիստական մեծ տաղանդով օժտված դերասան Քևին Սփեյսին։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի մյուս պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա Փանահիի առաջին փառատոնային այցն էր 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո։ Հենց վերջինիս ֆիլմն էլ միակն էր, որը կարողացա դիտել 21-րդ «Ոսկե ծիրանի» ընթացքում։ Ինչո՞ւ հենց նրա։ Ինձ դեռևս հետաքրքրում են գեղարվեստական այն հենասյուները, որոնց վրա բարձրացավ իրանական նոր կինոն և միջազգային համբավ ու հռչակ ձեռք բերեց։
«Ոչ մի արջ»
Իրան-Թուրքիա սահմանի մի կողմում միջնադարյան բարքերով, կիսագետնափոր հողե տնակներում ապրող գյուղացիներ են, հակառակ՝ թուրքական կողմում քաղաք է, որտեղ եթե չհնչի արևելյան երաժշտությունն ու սայլակի վրա փողոցով տարվող թեյի հսկայական ինքնաեռի «էստի համեցեքը», քեզ կթվա, թե եվրոպական փոքր մի քաղաքի գողտրիկ թաղամասում ես։ Այստեղ սրճարաններում ու փողոցում կանայք գլխաբաց են, հանդիպում են նաև պորտաբաց անցորդներ, իսկ պարսկական կողմում նրանք ծածկված են ոչ միայն գլխաշորերով, այլև՝ իսլամական ավանդույթի հաստ ու անթափանց նորմերով։ Այստեղ տեսախցիկը, բացի հյուղակների հողե հատակներին փռված պարսկական գորգերի նախշերից, մնացած ամեն ինչ սև ու սպիտակ է տեսնում, մինչդեռ հակառակ՝ թուրքական կողմում, որն ընդամենը կես ժամ հեռավորության վրա է, միջավայրը գունեղ է, քաղաքակիրթ։
Ռեժիսոր Ջաֆար Փանահին տնային կալանքից գաղտնի փախել ու հանգրվանել է այդ գյուղի տներից մեկի նեղլիկ սենյակում, որտեղից հետևում և հրահանգներ է տալիս թուրքական կողմում նկարահանվող սեփական ֆիլմի դերակատարներին ու իր օգնականին։ Համաշխարհային կինոյում վաղուց են խառնվել վավերագրական ու գեղարվեստական կինոյի սահմանները։ Մենք՝ հայերս, այս խառնակության մեջ մեր կարևոր դերակատարումն ունենք շնորհիվ մի տաղանդավոր ռեժիսորի, որի վաստակը դեռևս արժանի գնահատական չի ստացել։ Բայց եթե Հարություն Խաչատրյանի ֆիլմերում կարող ես ջանք թափելով զատորոշել վավերագրությունը բեմադրական կինոյից, Փանահիի պարագայում այս երկուսը միահյուսված են այն աստիճանի, որ անհնար է ժանրերի բաժանարար գիծը գտնելը։ Ըստ էության, բեմադրիչն իր ֆիլմում նաև դերասան է։ Ինչպես իր նախորդ՝ «Տաքսին» ֆիլմում, նա ֆոտոխցիկը ձեռքին անընդհատ նկարում է։ Ֆիլմն ունի երկու սյուժետային գիծ, երկու սիրահար զույգի ողբերգական պատմություն, որոնց մեջ ռեժիսորը ոչ միայն որպես պարզ մասնակից ու վավերագրող է դառնում, այլ նրանց ճակատագրի վրա ազդող կերպար։ Ստացվում է, որ մի դեպքում ֆիլմի նկարահանումն է պատճառ դառնում հերոսուհու ինքնասպանության, մյուս դեպքում ինքը՝ ռեժիսորը կարող էր փրկել երիտասարդի կյանքը, բայց չի ցանկանում կեղծ երդում տալ Ղուրանի վրա։
Ընկերները ռեժիսոր Փանահիին կանգնեցնում են սահմանագլխի բլրին ու առաջարկում անցնել թուրքական կողմ, որտեղ նկարահանվում է իր ֆիլմը, որտեղ նա կխուսափի հետագա հետապնդումներից ու հալածանքներից, բայց նա հրաժարվում է։ Սա իրական է, վավերագրական ու միաժամանակ խաղարկային։ Իսկապես պարսիկ ռեժիսորը բազմաթիվ առիթներ է ունեցել երկրից հեռանալու, սակայն մնացել է։ Մնացել է, մի քանի անգամ բանտում հայտնվել, այնուհետ տնային կալանք կրել։ Սա փաստ է։ Սակայն այն լուծումները, այն տեսարաններն ու պատկերները, որոնցով ներկայացվում է մնալու վճիռը կայացնելու պահը, հորինված են, թե՛ վիզուալ և թե՛ հոգեբանական առումով կատարյալ գեղարվեստական։
Մնալ, թե հեռանալու երկընտրանքն է նաև ֆիլմի սյուժեի հերոս երկու զույգերի ճակատագրական պահը։ Կանանց իրավունքների պաշտպան Զարան, որ ինչպես ֆիլմի ռեժիսորը, տասնչորս տարվա հալածանքների է ենթարկվել Իրանում, բանտում հայտնվել, ենթարկվել կտտանքների, ի վերջո սիրեցյալի՝ Բախտիարի հետ անցել թուրքական կողմ, և պատրաստվում է կեղծ անձնագրով անցնել Եվրոպա։ Այդպես է նախատեսել ֆիլմի սցենարիստ-ռեժիսոր Փանահին։ Սակայն կինն ըմբոստանում է։ Նա չի ուզում հեռանալ առանց սիրելի տղամարդու։ «Ախր Բախտիարը կմեռնի առանց ինձ, նա իսկի ինսուլինը չի կարող ինքն իրեն սրսկել, նա առանց ինձ անգամ ատամները չի կարողանում մաքրել»։ Զարային խաբում են, իբր Բախտիարն էլ կգնա նրա հետ։ Բայց կինը պարզում է ճշմարտությունը, և դա կոտրում է նրան վերջնականապես․ տղամարդը համաձայնել է բաժանվել։ Զարայի դերակատար Նինո Քավանին հրաշալի է։ Աչքիդ առաջ երկար տարիների բռնությունների զոհ Զարան դեռ լեցուն է կյանքով, դեռ վայր չի դրել արդարության համար պայքարի իր զենքերը։ Բայց միայնակ Եվրոպա գնալու, լքված լինելու իրողությունն ապրելն այլևս անիմաստ են դարձնում։ Նինո Քավանին համոզում է հանդիսատեսին, որ Զարան կգնար ինքնասպանության։

Ջաֆար Փանահիի հայտնվելը սահմանամերձ հետամնաց գյուղում, որտեղ կերակուրը դեռ թոնրի մեջ են եփում, շարժում է գյուղացիների հետաքրքրությունը՝ ո՞վ է, ինչո՞ւ է եկել, արդյոք լրտես չէ՞, որտեղի՞ց նրան այդ թանկարժեք ավտոմեքենան։ Բայց եկվորը պատմում է ճշմարտությունն ու գյուղացիները, թվում է, առժամանակ հանդարտվում են։ Սակայն գյուղում արած մի լուսանկար դառնում է փորձանք փախստական ռեժիսորի գլխին։ Ընկուզենու տակ կանգնած մի զույգի է նկարել, որոնք չպիտի միասին լինեին։ Աղջկա ծնվելու օրը, գյուղի ավանդույթի համաձայն, նրան ամուսնացրել են Յաղուբի հետ։ Բայց նա ուրիշի է սիրում և սիրեցյալի հետ նույնպես պատրաստվում են փախչել դեպի թուրքական քաղաք։ Ողջ գյուղը նրան համոզում է իրենց տալ զույգի լուսանկարը, որով կապացուցեն, որ աղջիկն անհավատարիմ է, և միայն աղջիկն ու տղան են խնդրում երեք օր թաքցնել լուսանկարը, մինչև որ կփախչեն գյուղից։ Ինքը՝ ռեժիսորը, պնդում է, որ չի արել այդպիսի լուսանկար, բայց մի երեխա վկայում է, թե տեսել է՝ ոնց է գյուղի հյուրը նկարել ավանդախախտ զույգին։ Նրանք երդման ծես են կազմակերպում, որտեղ պիտի Փանահին երդվի, որ չունի այդպիսի լուսանկար։ Բայց նա վերջին պահին հրաժարվում է երդում տալ Ղուրանի վրա և գյուղացիներին հանձնում նկարների «կասետը», որ համոզվեն, թե չկա նման լուսանկար։
Սիրահար զույգը փորձում է փախչել, բայց տղային գնդակարահում են իրանա-թուրքական սահմանն ամբողջությամբ իրենց հսկողության տակ պահող թուրք մաքսանենգները։ Միևնույն ժամանակ նրան վարձով օթևան տված գյուղացին՝ Ղանբարը, թախանձում է հեռանալ, որովհետև գաղտնի ծառայությունները պարզել են, թե ում է հյուրընկալում ու սպառնում են բանտարկել։ Բեմադրիչը փոշոտ, նեղլիկ, անհրապույր փողոցներով արագորեն գնում է. ինքն էլ չգիտի՝ ուր և ինչու։ Գյուղից դուրս չեկած՝ հանդիպում է զոհի վրա ողբացող կանանց, հարազատներին։ Այստեղ էլ նրան հորդորում, սպառնում են շտապ հեռանալ։ Մի քիչ էլ ճանապարհ անցնելուց հետո մեքենան կտրուկ կանգ է առնում։ Լսվում է ձեռքի արգելակի ճռինչը և ֆիլմն ավարտվում է։ Նա մնում է։ Նա չի հեռանում․․․ գոնե իր երկրից։
«Ես սիրում եմ Իրանը, և չեմ կարող ուրիշ տեղ ապրել»,- ասել է Ջաֆար Փանահին իր հարցազրույցներից մեկում, դեռ մինչ այս ֆիլմը նկարահանելը։
Մի միտք է տանջում անընդհատ՝ պրոֆեսիոնալ դերասաննե՞ր են գյուղացիների դերակատարները, թե՝ հենց տեղացիների մեջ է բեմադրիչն ընտրություն կատարել։ Ամեն դեպքում նրանցից երկուսը՝ գյուղապետի ու Ղանբարի դերակատարները, բարձր վարպետությամբ են մարմնավորում իրենց կերպարները։
Եվ ամենամեծ հարցը։ Ի՞նչ է նշանակում ֆիլմի «Ոչ մի արջ» վերնագիրը։ Աչքովս մենաբանություններ ընկան, թե խոսքը Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի մասին է, և ռեժիսորն ակնարկում է, թե հանուն մրցանակի չէ, որ ստեղծել է այս ֆիլմը։ Իմ կարծիքով՝ ուրիշ մի խորհուրդ ունի վերնագիրը։ Ֆիլմի տեսարաններից մեկում գիշերով տուն վերադարձող բեմադրիչին ընդառաջ է գալիս մի գյուղացի և համոզում նախ իր տուն մտնել, թեյ խմել և չգնալ այդ գյուղամիջյան ճանապարհով, որովհետև այդտեղ արջեր կան։ Պատահական այդ գյուղացին փորձում է համոզել իր հյուրին, որ նա երդվի ծեսի ընթացքում, եթե նույնիսկ կեղծ է երդվելու, որովհետև դա Աստծո առաջ ավելի մեծ մեղք չի լինի, քան թե չերդվի ու գյուղում կռիվ ու արյունահեղություն սկսվի։ Քիչ անց՝ տուն ճանապարհելիս գյուղացին խոսոտովանում է, որ խաբել է․ ոչ մի արջ էլ չկա գյուղում։ Որեմն՝ Ջաֆար Փանահիի «Ոչ մի արջ» վերնագիրը նույնն է, թե ոչ մի կեղծիք։
Ի վերջո, ի՞նչ եզրակացությունների կարելի է հանգել իրանցի նշանավոր ռեժիսորի այս և մնացած ֆիլմերը դիտելով։ Քո արվեստն աշխարհի համար հետաքրքիր կլինի, եթե չկրկնօրինակես ամերիկյան ու եվրոպական կինոն, եթե քոնը ստեղծես։ Եվ եթե այն մարդու մասին լինի։ Մարդու կամ մարդկանց, նրանց երազանքների ու տառապանքի, ազատության ձգտման, նրանց իրական ու գեղարվեստական պատմությունների, նրանց փոքրիկ ուրախությունների ու մեծ ողբերգությունների մասին։
* * *

Կինոտան մուտքի մոտ հավաքված մարդիկ ծանոթ էին ու անծանոթ։ Նրանց մի մասը հենց նոր դուրս էր եկել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից։ Նրանց դեմքին կարելի էր կարդալ ցնցումը՝ լուռ, մտախոհ, փոքր-ինչ շոկային տրամադրությունը։ Ոմանք փորձում էին խոսելով, ապրումները զրուցակցի հետ կիսելով դուրս գալ սթրեսից։ Երեք-չորս հոգանոց մի խմբում վեճ էր ծագել, թե արդյոք արժեր անձնական ողբերգությունը հանրայնացնել, արդյոք կարելի էր նահատակված եղբոր մասունքները դարձնել ֆիլմի նյութ։ Հակառակ կարծիքի կողմնակիցներն ավելի շատ էին։ Ինքս այս նուրբ հարցի մասին չեմ կարող դատել, որովհետև չեմ տեսել ֆիլմը։ Եվ դժվար թե մոտ ապագայում կարող եմ ուժ գտնել ու դիտել։
Անկախ Հայաստանում իրապես կայացած միակ մշակութային փառատոնը՝ «Ոսկե ծիրանը», ավարտվեց։ Ամեն տարի այս օրերին գլուխ է բարձրացնում, հետո մարում հարցը՝ ինչքանո՞վ է այն նպաստում սեփական կինոարտադրությանը, ի՞նչ է տալիս մեր երկրին ու մշակութային կյանքին։ Բայց այս հարցերը այլ հոդվածի նյութ են։
Հովհաննես Երանյան











