Փաշինյանը Մակրոնի և Շոլցի հետ հանդիպումներում քննարկել է խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպումները կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով կառավարությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ»։
Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ:
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրաականացրած և առաջիկայում նախատեսվող երկարաժամկետ ծրագրերի, այդ թվում՝ բնակապահովման ծրագրի վերաբերյալ: Բռնի տեղահանվածների կարիքները հասցեագրելու գործում կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Շոլցը կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումը։
Civilnet










